Մշակույթին և ստեղծարարությանն ուղղված նոր ծրագիր`Արևելյան գործընկերության տարածաշրջանում
Եվրոպական Միության՝ Արևելյան գործընկերության մշակույթի և ստեղծարարության ծրագիրը մեկնարկել է հունիսին՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում մշակութային ու ստեղծագործական ոլորտների՝ կայուն մարդասիրական, սոցիալական և տնտեսական զարգացմանն աջակցելու համար: Այս մասին հայտնում են Բրիտանական խորհուրդից:
«Ծրագիրը նոր շրջանակի մեջ է դնելու 21-րդ դարում պետական մարմինների և առանցքային մշակութային դերակատարների միջև մշակույթի հայեցակարգի մասին քննարկումները տարածաշրջանում և խթանելու է այն դրական ազդեցության ընկալումը, որ ստեղծարար ոլորտները կարող են ունենալ զբաղվածության, փոքր և միջին բիզնեսի, համայնքների դերի ու սոցիալական ներգրավվածության մեջ», - ասել է Եվրոպական հանձնաժողովի Ընդհանուր հարևանության և ընդլայնման բանակցությունների տնօրինության կողմից ծրագրի ղեկավար Ռենատե Ուցշմիդը:
Թեև ծրագիրը տարածաշրջանային է, նրա ուշադրության կենտրոնում կլինեն առանձին երկրները՝ նշանակված ազգային համակարգողներով, ովքեր մեր հիմնական թիմի կարևորագույն մասը կկազմեն: Ծրագրի տևողությունը երեք տարի է: Ծրագրի բյուջեն կազմում է 4,2 մլն. եվրո:
Ծրագիրը կկենտրոնանա չորս հիմնական ոլորտների վրա՝ ապացույցների հավաքման մեխանիզմների գիտահետազոտական աշխատանքներ, կարողությունների զարգացում, իրազեկության բարձրացում և միջազգային մշակութային համագործակցության հնարավորությունների ընձեռում: Ծրագրում ընդգրկված թեմաները կներառեն նախագծերի պարբերաշրջանի կառավարում, մշակութային առաջնորդում, մշակութային և վիճակագրական հետազոտություն, շահերի պաշտպանություն, դրամահավաք, մշակութային լրագրություն և հաղորդակցման կարողություններ:
Ծրագրի գործողությունները կիրականացվեն աշխատաժողովների, ինտենսիվ դասընթացների, առցանց ուսուցման հարթակների, ճանաչողական այցերի և գործընկերային տոնավաճառների միջոցով՝ համախմբելով հանրային ու մասնավոր դերակատարներին, կառավարությանը և քաղաքացիական հասարակությանը:
«Մշակույթի ոլորտում պետության, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի միջև համագործակցության անհրաժեշտությունն առանցքային խնդիր է բոլոր ժամանակակից պետությունների համար: Դրան կարելի է հասնել միայն ներառական, համատեղ ձևակերպված ազգային քաղաքականության մակարդակով, նախաձեռնությունների միջոցով, որոնք որպես իրենց մեկնարկային կետ ունեն մշակույթի, ինչպես նաև բարեփոխումներում և դրական փոփոխություններում մշակույթի դերի՝ ընդգրկուն, սակայն հստակ ընկալումը»,-ասել է ծրագրի ղեկավար Թերի Սանդելը:
Մշակույթը և ստեղծարար ենթաոլորտները ներառում են ճարտարապետությունը, արխիվները, գրադարաններն ու թանգարանները, գեղարվեստական արհեստները, աուդիո-վիզուալ միջոցները (ֆիլմ, հեռուստատեսություն, տեսախաղեր և մուլտիմեդիա), նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը, զարդանկարչությունը, փառատոները, երաժշտությունը, գրականությունը, կատարողական արվեստները, հրատարակչությունը, ռադիոն և վիզուալ արվեստները: Միասին նրանք տրամադրում են աշխատատեղեր ԵՄ-ում 8.3 միլիոն մարդու համար և արժեն 558 մլրդ. եվրո: Մշակութային և ստեղծարար ոլորտներն ավելի արագ են աճում, քան արտադրության և սպասարկման ոլորտները:
Մրցակցային գործընթացի արդյունքում ծրագիրը կկառավարի Բրիտանական խորհրդի կողմից գլխավորող կոնսորցիումը՝ համագործակցելով Մոլդովայի Սորոսի հիմնադրամի, Լեհաստանի մշակույթի ազգային կենտրոնի և Գյոթե ինստիտուտի հետ: Ծրագիրը հիմնված է Արևելյան գործընկերության մշակութային I ծրագրի (2011-2014) վրա, որը բաղկացած էր տեխնիկական աջակցության և դրամաշնորհային եղանակով ֆինանսավորվող ծրագրերից: