Օռնելլա Մուտին՝ «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուր
Այս տարի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հատուկ հյուրերը կլինեն համաշխարհային կինոյի աստղեր Օռնելլա Մուտին և Նաստասյա Կինսկին, ինչպես նաև ֆրանսիացի դերասան և ռեժիսոր Պատրի Շենեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը:
«Փառատոնի շրջանակներում տեղի կունենան Օռնելլա Մուտիի «Սվանի սերը» կինոնկարի երևանյան պրեմիերան և Պատրիկ Շենեի մասնակցությամբ Ստեֆան Բրիզեի «Ես սիրելու համար չեմ այստեղ» ֆիլմի պրեմիերան»,-նշեց Հ. Խաչատրյանը:
Անդրադառնալով հունիսի 19-26-ը Մոսկվայի 37-րդ կինոփառատոնին՝ «Ոսկե ծիրան» փառատոնի ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը տեղեկացրեց, որ փառատոնի շրջանակներում տեղի է ունեցել Հարություն Խաչատրյանի 60-ամյա հոբելյանին նվիրված ստեղծագործական երեկոն:
Նշենք, որ Հ. Խաչատրյանը Մոսկվայի կինոփառատոնին ներկայացել էր որպես վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթային ժյուրիի պատվավոր անդամ:
Մ. Ստամբոլցյանը նշեց, որ հոբելյանական երեկոյի անակնկալներից ամենակարևորն այն է եղել, որ «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի հիմնադիր տնօրենն արժանացել է երկու մրցանակի՝ կինոարվեստի և հայ-ռուսական մշակութային համագործակցության գործում մեծ ավանդի համար. «Հարություն Խաչատրյանն Մոսկվայում պարգևատրվել է հեղինակավոր «Փիղ» մրցանակով՝ համաշխարհային կինոյում ունեցած ավանդի համար»:
Հարություն Խաչատրյանն էլ նշեց, որ իր համար շատ հաճելի էր այդ մրցանակները ստանալը. «Մի հավատացեք ոչ մի ռեժիսորի, ով կասի, թե իր համար հաճելի չէ մրցանակ ստանալը»:
Նա ասաց, որ Մոսկվայի կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվեց իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Քամի ունայնության»-ը, որը դեռևս 26 տարի առաջ չէր ընդունվել և բազմաթիվ քննադատությունների էր արժանացել:
«Ցուցադրության ժամանակ երեկոյի հյուրերը և ռեժիսորները հիացմունքով ընդունեցին այս ֆիլմը»,-ամփոփեց «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի հիմնադիր տնօրենը:
Նախորդող`
Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ. 10 նախագիծ
Ռոբեր Գեդիգյանի «Խենթ պատմություն» ֆիլմով կազդարարվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը
Ռոբեր Գեդիգյանը՝ 12-րդ «Ոսկե ծիրան»-ի միջազգային խաղարկային մրցույթի ժյուրիի նախագահ
«Ոսկե ծիրանը» հարգանքի տուրք կմատուցի հայ կինոյի վարպետներին