Զըըըընգ` ահազանգ. Մանկական կարուսելների հոսանքի լարերը թափթփված են գետնին
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը լուսանկար է հրապարակել. Օղակաձև զբոսայգու մի հատվածում՝ հայտնի «Պապլավոկում» կարուսելներից դուրս եկող էլեկտրալարերն ամբողջությամբ փռված են գետնի վրա, իսկ բառացիորեն մի քանի սանտիմետր այն կողմ՝ ավազների մեջ, երեխաներ են խաղում:
Օգտատերը խնդրի վրա հրավիրում է պատկան մարմինների՝ արտակարգ իրավիճակների, քաղաքապետարանի, ոստիկանության ուշադրությունը, ասելով, թե` պիտի մեկնումեկին հոսանքը խփի, որ նո՞ր աղմուկ անեն. «գնացեք ԱՐԱԳ տեր կանգնեք, արա»:
Ամբողջապես կիսելով մտահոգությունը, նույնիսկ շնորհակալ լինելով, որ քաղաքացին նկատել է վտանգը, հնարավոր դժբախտ պատահաները կանխելու նպատակով` Panorama.am-ը ևս ահազանգեց Երևանի քաղաքապետարան, ԱԻՆ: Վերջին կառույցից ոչ պաշտոնապես հայտարարեցին, որ խնդրի մասին պետք է ահազանգել 911 հեռախոսահամարով:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը «տվյալ դեպքի» մասին տեղեկացրել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարությանը: Ասաց, կոնկրետ այս պարագայում աշխատանքներ են իրականացվում խնդիրը վերացնելու համար: Նա նույնիսկ շնորհակալություն հայտնեց քաղաքացուն՝ խնդրի վերաբերյալ ահազանգելու համար:
Իհարկե, քաղաքապետարանի՝ այս հարցում ցուցաբերած պատրաստակամությունը ողջունելի է: Բայց գլոբալ առումով` եթե պետական մարմինը քաղաքի որևէ հատվածում էլեկտրականությամբ աշխատող կարուսել տեղադրելու թույլտվություն է տրամադրում, ապա ենթադրվում է, որ պետք է սահմանված լինեն էլեկտրական լարերի անվտանգ անցկացնելու վերաբերյալ կանոններ, պետք է լինի նաև դրանց վերահսկող:
Քաղաքապետարանից համաձայնվեցին դիտարկման հետ. «Միանշանակ ճիշտ եք, եթե երեխային բան պատահի, ո՞վ է պատասխան տալու: Կարծում եմ, ամեն դեպքում պետք է պահպանեն անվտանգության նորմերը»:
Խնդրեցին հարցը գրավոր ուղարկել, համապատասխան վարչությանը փոխանցելու և պատասխան ստանալու համար:
Մինչև ԿՐԿԻՆ անգամ գրավոր գրենք այն մասին, ինչը իսկզբանե պետք է խելքով ու արված լիներ, եկեք այս անգամ նախ հրապարակենք խնդիրը: Ինչ վերաբերում է ԱԻՆ ահազանգելուն`… քանի՞ կարուսել կա Երևանում: Պարապ պիտի լինենք, որ ճշտենք բոլորի հասցեները ու բոլորի համար մեկ առ մեկ ահազանգենք:
Նյութի հրապարակումից հետո ՏԿԱԻՆ-ից հայտնեցին հետևյալը. «Ատրակցիոնների թույլտվություն տրամադրում են տեղական ինքնակառավարման մարմինները ՏԿԱԻՆ-ը դրանց նկատմամբ որևէ վերահսկողական գործառույթ չի իրականացնում: Եթե ստանում ենք ահազանգեր,այդ դեպքում միայն մեկնում ենք դեպքի վայր:
Համաձայն կարուսելների տեխնիկական անվտանգության կանոնակարգի՝ վտանգավոր օբյեկտներ են հանդիսանում բարդ մեխանիզմներով՝ պտտվող, շարժվող, բարձրացվող մեխանիզմները (կարուսելները), իսկ բակային ճոճանակները, սղարանները չեն համարվում վտանգավոր օբյեկտներ»:
Լուսանկարը՝ Արսեն Կարապետյանի: