Մեր դռները բաց են բոլոր ողջամիտ առաջարկների համար
ՀՀ կառավարության այսօրվա նիստից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ հունիսի 30-ին տեղի ունեցած «Տնտեսական օրակարգ» համաժողովին:
Վարչապետի խոսքերով՝ գործարար աշխարհի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համատեղ քննարկել են տնտեսության առջև ծառացած խնդիրները, մարտահրավերները, դրանց լուծման երկարաժամկետ ռազմավարություններն ու կարճաժամկետ քայլերը:
«Համաժողովում հնչեցին թե զգացմունքային ելույթներ, թե առողջ քննադատություններ, և թե կոնկրետ առաջարկներ: Ես ուզում եմ կրկնել համաժողովին հնչեցրած իմ ուղերձը. մեր դռները բաց են բոլոր ողջամիտ առաջարկների համար: Ցանկացած առաջարկ, որը կօգնի մեր ընդհանուր գործին՝ կգնահատվի ըստ արժանվույն: Հայաստանը բոլոր շահագրգիռ ու առողջ ուժերի համատեղ ջանքերի ու աշխատանքի կարիք ունի: Համաժողովը ցույց տվեց, որ նման կարիք կա»,- նշեց Հ.Աբրահամյանը:
Ըստ նրա՝ այժմ հարկավոր է այդ քննարկումներն անել այլ ֆորմատով, ավելի կարճ, ավելի ուղղորդված, մեծ փորձագիտական ներուժի ընդգրկմամբ և խորը մասնագիտական, ճյուղային: «Հանձնարարում եմ բոլոր նախարարներին կազմակերպել նման քննարկումներ, նաև էկոնոմիկայի նախարարությանը՝ աջակցել այս քննարկումներին»,- ընդգծեց վարչապետը: