Հայուհին Չայկովսկու անվան միջազգային մրցույթում արժանացել է մրցանակի
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ակադեմիական երգեցողության բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Մանե Գալոյանը Չայկովսկու անվան 15-րդ միջազգային մրցույթում արժանացել է երրորդ մրցանակին: Panorama.am-ին տեղեկացրեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը
«Շատ մեծ հաջողություն է: Համաշխարհային ճանաչում ունեցող մրցույթ է»,- նշեց նա:
Նախօրեին Մոսկվայի Չայկովսկու անվան համերգասրահում տեղի է ունեցել Չայկովսկու անվան 15-րդ միջազգային մրցույթի մրցանակակիրների պարգևատրման արարողությունը:
Մրցույթը մեկնարկել է հունիսի 15-ին, անցկացվում է Մոսկվայում և Սանկտ Պետերբրգում: Ռիա նովոստին գրում է, որ մասնակիցներ կային Հայաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից, Իտալիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և այլ երկրներից:
Մրցույթի արդյունքներով՝ վեցական մրցանակ է հանձնվել դաշնակահարներին, ջութակահարներին ու թավջութակահարներին և ութ վոկալիստների:
Առաջին մրցանակին արժանացած մասնակիցներին տրվել է 30 հազարական դոլար և ոսկե մեդալ, երկրորդ՝ 20 հազարական դոլար և արծաթե մեդալներ, երրորդ՝ 10 հազարական դոլար և բրոնզե մեդալներ:
Նշենք, որ երրորդ մրցանակին է արժանացել նաև ՌԴ-ն ներկայացնող ջութակահար Հայկ Ղազազյանը:
Այսօր Մոսկվայում կկայանա մրցույթի դափնեկիրների գալա համերգը, իսկ հունիսի 3-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունենալիք համերգի ժամանակ կհանձնվի մրցույթի գրան պրին (100 հազար դոլար):
Չայկովսկու անվան միջազգային մրցույթն անցկացվում է 1958 թվականից: