«Al-Manar». ՄԱԿ-ի ԱԽ-ն սկսել է մշակել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները չեղյալ հայտարարելու բանաձևը
«ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրները սկսել է մշակել Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղյալ հայտարարելու մասին բանաձևը»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով լիբանանյան «Ալ-Մանար» հեռուստաալիքին:
Իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչին, անդրադառնալով միջուկային խնդրի շուրջ Իրանի և «5+1 խմբի» միջև ընթացող բանակցություններին, մասնավորապես նշել է. «Բանակցություններ վարելու նպատակներից մեկն էլ այն էր, որպեսզի Իրանի նկատմամբ սահմանված անարդար պատժամիջոցները չեղյալ հայտարարվեն, հնարավոր վերջնական համաձայնագրի ստորագրման առաջին իսկ օրվանից բոլոր տեսակի պատժամիջոցները պետք չեղյալ հայտարարվեն, մենք դեմ են դրանց առկախմանը»:
Նշենք, որ հունիսի 30-ին Վիեննայում Իրանի և «5+1 խմբի» միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում որոշում կայացվեց բանակցությունների ժամկետը երկարացնել ևս յոթ օրով:
Նկատենք, որ ապրիլի 2-ին Իրանի և «5+1 խմբի»՝ Լոզանում արված համատեղ հայտարարության կետերից մեկի համաձայն՝ բանակցությունների այս փուլի ավարտից հետո կողմերը պետք է մշակեն համատեղ քայլերի ծրագրի նախագիծը, որը պետք է հավանության արժանանա ս.թ. հուլիսի 1-ին կայանալիք վճռորոշ հանդիպման ժամանակ: Համատեղ քայլերի ծրագրի տեքստը վերջանական տեսքի բերելուց հետո այն՝ որպես բանաձև, պետք է հաստատվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, որից հետո չեղյալ կհայտարարվեն ՄԱԿ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված նախկին բանաձևերը: