«68-ամյա հայ դերասանն իր խաղով ապշեցրել է բոլորին» (լուսանկարներ)
Երևանի Մնջախաղի պետական թատրոնը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած Մոնոդրամայի և մնջախաղի միջազգային փառատոնում հանդես է եկել Յուրի Կոստանյանի «Աթոռի ոգին» մոնոներկայացումով: 68-ամյա դերասանն իր խաղով հիացրել է ժյուրիին և փառատոնի մասնակիցներին: Երևանի Մնջախաղի պետական թատրոնը փառատոնի «Մնջախաղ» անվանակարգում արժանացել է ոսկե մեդալի:
Panorama.am-ի հետ զրույցում փառատոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն ասաց. «Մենք փառատոնի հրավեր ստացանք: Հայտնի փառատոն է: Համացանցում տեսել էին մեր թատրոնի ներկայացումները: Իրենք ցանկացան, որ Յուրի Կոստանյանի «Աթոռի ոգին» մոնոներկայացումն անպայման տեսնեն փառատոնի շրջանակում: Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ մենք մասնակցեցինք փառատոնին»:
Ժ. Դադասյանը վստահ է եղել, որ Յուրի Կոստանյանն իր նեկայացմամբ մրցանակ կբերի Հայաստանին. «Պարոն Կոստանյանը, թեև իր պատկառելի տարիքին՝ 68 տարեկան է, այնպիսի թեթևությամբ է շարժվում բեմում, որ ուղղակի ապշեցրել էր բոլորին, նաև ժյուրիին»:
Նշենք, որ փառատոնը կայացել է հունիսի 25-28-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում:
«Մենք վերադարձել էինք Հայաստան: Մեզ մեյլով տեղեկացրեցին, որ ոսկե մեդալի ենք արժանացել «Մնջախաղ» անվանակարգում»,- ասաց նա:
Ժ. Դադասյանը նշեց, որ իրենց հրավիրել էին նաև սերբական Հանրային հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագիր, որի ընթացքում ցուցադրել են նաև ներկայացումից մի հատված, այնուհետև պատմեց. «Զավեշտալի մի պատմություն եղավ. Մնջախաղի համաշխարհային ասոցիացիայի նախագահն ինձ և Յուրի Կոստանյանին հրավիրեց Բելգրադը ցույց տալու, այնուհետև ընթրիքի: Մի ռեստորան մտանք: Ադմինիստրատորը շատ ուշադիր, երկար նայեց Յուրիին: Վազելով գնաց, ձեռքին խմիչքի մի շիշ՝ սերբական հայտնի ռակիա, վերադարձավ ու տվեց Յուրիին՝ ասելով, որ հյուրասիրում է, մինչև մենք որևէ բան կպատվիրենք: Նա ասաց, որ հեռուստատեսությամբ տեսել է Յուրի Կոստանյանի խաղը, փայլուն էր ամեն ինչ»:
Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավարը նաև տեղեկացրեց, որ Մնջախաղի համաշխարհային ասոցիացիայի նախագահ Մարկո Ստոյանովիչին հրավիրել է մասնակցելու Լեոնիդ Ենգիբարյանի անվան միջազգային 5-րդ փառատոնին, որը կայանալու է Հայաստանում հաջորդ տարի, նաև քննարկել են Երևանում կամ Թբիլիսում մնջախաղի համաշխարհային կոնգրես անցկացնելու հարցը:
Առաջիկայում ի՞նչ փառատոների է մասնակցելու Երևանի Մնջախաղի պետական թատրոնը հարցին ի պատասխան Ժ. Դադասյանն ասաց. «Հրավերներ շատ ունենք, բայց ընտրում ենք, որ փառատոնին մասնակցել, քանի որ ճանապարհածախսի խնդիր կա: Ուզում ենք անպայման հոկտեմբերի սկզբին մասնակցել Մեքսիկայում կայանալիք «Սերվանտինո» փառատոնին, հրավեր արդեն ունենք»:
Լուսանկարները՝ festmono-pan.org.rs կայքից:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա