Մաքսիմ Սարգսյան. Մեր պահանջները նույնն են ու ակտուալ
Մեր պահանջները շարունակում են մնալ նույնը, քանի որ երեք պահանջներից որևէ մեկը կատարված չէ: Մեկի մասով միայն իշխանությունները մի փոքր նահանջ են արել, պատրաստվում են աուդիտ իրականացնել: Այս մասին հայտարարեց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը «Մեդիա կենտրոնում» «Քաղաքացիական ակտիվիզմ և շարունակվող պայքար Բաղրամյան պողոտայում» թեմայով քննարկման ժամանակ:
«Երեք պահանջներից որևէ մեկն իրականացված չէ. բռնությունների փաստով քրեական գործ հարուցված չէ, ներկա սակագնի վերանայման պահանջի հետ ընդհանրապես որևէ գործողություն չի իրականացվում: Երեք պահանջներից որևէ մեկն այս պահին կատարված չէ, դրա համար դրանք դեռ նույնն են ու ակտուալ»:
Քաղաքացիական ակտիվիստ, «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանն անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացման պայքարի ընթացքին, կարծիք հայտնեց, որ պայքարի վերջին տասնօրյակը Հայաստանի նորագույն պատմության մեջ ամենալուսավոր օրերն էին. «որովհետև մեր աչքի առաջ ունեցանք քաղաքական ու քաղաքացիական ռեալ սերնդափոխություն»:
Քաղաքացիական ակտիվիստ, «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արամ Մանուկյանն էլ ավելացրեց, որ իրեն իշխանության արված հայտարարությունները չեն բավարարում:
Մ. Սարգսյանն ասաց՝ աուդիտի մասին խոսել է մասնագետների հետ, հավատացրել են, որ ոչ մի բան էլ չի փոխվելու. «Աուդիտ հայտարարելը հերթական քայլ է ժողովրդի աչքը փակելու և հոսանքի թանկացման համար կեղծ հիմքեր ստեղծելու համար»:
Քաղաքացիական ակտիվիստները նկատեցին, որ աուդիտի ողջ ընթացքում իրենք փողոցում ճնշում են իրականացնելու և հետևողական են լինելու, սակայն գործընթացին չեն մասնակցելու՝ «կեղծիքը չլեգիտիմացնելու համար»:
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը ներկայացրել էր երեք պահանջ.
1. Վերանայել և չեղյալ հայտարարել ՀԾԿՀ-ի կողմից ապօրինի կայացրած հոսանքի սակագնի որոշումը:
2. Վերանայել անցած տարվա սակագինը նվազեցման նպատակով:
3. Պատժել բոլոր այն կարգազանց ոստիկաններին, ովքեր անօրինական կերպով հունիսի 23-ի առավոտյան, Բաղրամյան պողոտայում ծեծի ենթարկեցին խաղաղ ցուցարարներին: Ինչպես նաև պատժել նրանց անօրինական հրաման տվողներին: