Այս տարվա տնտեսական աճը կարելի է անվանել պարտք վերցնելու հաշվին ապահովված աճ. տնտեսագետ
Ընդհանուր առմամբ տնտեսական իրավիճակը կարելի է գնահատել կայուն: Panorama.am-ի թղթակից հետ զրույցում ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը՝ ներկայացնելով մակրոտնտեսական ցուցանիշները:
«Դրական կողմերից եղել է միայն այն, որ մոտ 100 միլիարդով ավելացել են արտաքին պահուստները՝ մոտենալով մոտ 1.6 մլրդ դոլարի և արտարժույթի ցածր կուրսը պայմանավորված է հենց այդ գործոնով»,- նշեց տնտեսագետը:
Ներկայացնելով վիճակագրական տվյալներ՝ Վ.Խաչատրյանն ասաց, որ հունվար-մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 2.7%: Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել են բոլոր ճյուղերը, բացառությամբ առևտրի շրջանառության, որը կրճատվել է 8.6%-ով:
Այսպիսով, հունվար-մայիսին արդյունաբերական աճը կազմել է 4.5%, գյուղատնտեսության համախառն արտադրանքը՝ 6%, ծառայությունների աճը՝ 3.8%, շինարարության աճը` 0.4%:
Մինչդեռ առևտրաշրջանառությունը կրճատվել է 8.6%-ով հունվար-ապրիլի -7.6% դիմաց (առևտրի շրջանառության մեջ մտնում են մանրածախ և մեծածախ առևտուրը):
«Սա խոսում է այն մասին, որ առևտրի ոլորտն անկում է ապրում, քանի որ մարդիկ չունեն ֆինանսական ռեսուրսներ մեծ գնումներ կատարելու համար»,-վստահեցրեց Վ.Խաչատրյանը:
Տնտեսագետի խոսքերով՝ լուրջ խնդիրներ կան նաև արտաքին առևտրաշրջանառությունում, քանի որ հունվար-մայիսին այն կրճատվել է 32,3%-ով, մասնավորապես, արտահանումը՝ նվազել է 15.2%-ով, իսկ ներմուծումը՝ 38 տոկոսով:
«Այս պահի դրությամբ ունենք մոտ 1,5 մլրդ դոլարի արտաքին առևտրի շրջանառություն, որից 1 մլրդը կազմում է ներմուծումը: Սա նշանակում է, որ մեր երկրի արտաքին առևտրային հարաբերությունները լուրջ վտանգի տակ են»,- ընդգծեց տնտեսագետը:
Ինչ վերաբերում է տնտեսական աճին, Վ.Խաչատրյանն ասաց, որ տնտեսության աճը պահում ենք պարտքերի հաշվին, ինչը չի կարելի տնտեսական աճ համարել. «Այս տարվա տնտեսական աճը կարելի է անվանել պարտք վերցնելու հաշվին ապահովված տնտեսական աճ: Ես դա տնտեսական աճ չեմ համարում»:
Ըստ տնտեսագետի՝ կարելի է շատ պարտք վերցնել և աճ գրանցել, բայց երբ տարեվերջին այդ պարտքերի վերցրած ծավալը հանում են, ապա տեսնում են, որ աճի մասին խոսք լինել չի կարող:
«Միայն վերջին 10 օրվա ընթացքում Ազգային ժողովում քննարկված հարցերից կարելի է եզրակացնել, որ 430 մլն դոլարի վարկային պայմանագրեր ենք կնքել: Այսինքն՝ նման արդյունքներով կարելի է տնտեսական աճ ապահովել, բայց սա այն նույն իրավիճակն է, երբ Ամանորին պարտք են անում և հարևաններին ցույց տալիս, թե իրենց սեղանն ինչքան առատ է: Դա տնտեսական աճ չէ, այլ պարտքերի կուտակում է: Եւ այսքանին գումարած մայիսին մենք ունենք ընդամենը 2.7 տոկոս տնտեսական ակտիվություն»,- ասաց Վ.Խաչատրյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան