Զաքարյանները պնդում են, որ Սուրիկ Խաչատրյանի եղբոր մեղադրանքը պետք է խստացվի
Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու և մերձավորների մասնակցությամբ դաժան ծեծի ենթարկված Հարություն Զաքարյանը, որը Մոսկվայում վիրահատվել էր, վերադարձել է Հայաստան: Զաքարյանների մերձավորներից մեկը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ Մոսկվայում վիրահատության արդյունքում հաջողվել է ընդամենը պահպանել աչքը, բայց տեսողությունն ամբողջությամբ կորել է:
«Օդանավակայանում դիմավորեցինք, ոչ մեկիս հետ չէր շփվում, դարձել է ինքնամփոփ, ծանր հոգեբանական վիճակում է, տեսողությունը 0 է, ոչինչ չի տեսնում: Շատ նեղված է տեսողության պահով, շատ: Հայաստանում փոքրիկ միջամտություն պետք է կատարեն մասնագետները, երկու երկրների մասնագետները արդեն պայմանավորվել են»,- մեզ հետ զրույցում ասաց Զաքարյանների մերձավոր բարեկամը:
Առայժմ Հարությունը, նրա խոսքով, չի մասնակցում քննչական գործողություններին, նոր է վերադարձել Հայաստան: Ինչ վերաբերում է Սուրիկ Խաչատրյանի եղբորը` Սեյրան Խաչատրյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելուն, ապա Զաքարյանների բարեկամը պնդում է, որ նրա նկատմամբ մեղադրանքը պետք է վերաորակավորվի և խստացվի:
«Զաքարյաններն այդ կարծիքի են, նրանք շատ վատ վիճակում են»,-փոխանցեց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք` Սեյրան Խաչատրյանին, որն առավել հայտնի է Աղալար մականունով, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և հարցաքննվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Հայաստանի քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածը սահմանում է ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը մարդու առողջությանը վնաս չի առաջացրել: Այս արարքի համար որպես պատիժ սահմանվում է տուգանք` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
«Առաջընթաց է գործում, որ նրան մեղադրանք է առաջադրվել, բայց առաջադրված մեղադրանքը Զաքարյանների ընտանիքը գտնում է, որ մեղմ է, պետք է փոխվի ու խստացվի: Նա այդ միջադեպի ժամանակ ակտիվ գործող անձանցից մեկն է եղել», -փոխանցեց մեր զրուցակիցը:
Ի դեպ, Սեյրան Խաչատրյանի փաստաբան Արմեն Խաչատրյանը Panorama.am-ին ասաց, որ իրենք այս պահի դրությամբ առաջադրված մեղադրանքի և ընդհանրապես, քրեական գործի վերաբերյալ հրաժարվում են դիրքորոշում հայտնել:
Այսօր մամուլում տեղ գտած հրապարակումը, թե Սուրիկ Խաչատրյանը մեկնել է Մոսկվա, համոզի տուժող կողմին հետ վերցնել բողոքը, Զաքարյանների բարեկամը ապատեղեկություն է համարում:
«Ոչ մի նման բան չկա, ի վերջո մարդը տեսողությունն է կորցրել, ինչպես կարող են ընդառաջ գնալ: Չէ, չէ, նման բան չկա: Ես հակված եմ կարծելու, որ հենց Խաչատրյաններն են այդ տեղեկությունները շրջանառության մեջ դնում: Գոնե իրենք լավ գիտեն Զաքարյաններին»,-նկատեց Զաքարյանների բարեկամը:
Նշենք, որ «Սդղի գյոլ»-ի գործով առայժմ հարցաքննվել է Հարություն Զաքարյանի եղբայրը` գործով տուժող ճանաչված Մուշեղ Զաքարյանը: Բացի Սուրիկ Խաչատրյանի եղբորից, ևս 4 անձ ներգրավվել էր որպես մեղադրյալ, նրանցից 3-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (դիտավորությամբ մի քանի անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), իսկ 4-րդի նկատմամբ նույն մեղադրանքով հայտարարվել է հետախուզում։
Թեմային առնչվող հրապարակումներ`
Գորիսի ծեծկռտուքի գործով ձերբակալվածներից մեկը Սուրիկ Խաչատրյանի վարորդի որդին է
Գորիսի ծեծկռտուքի գործով 2 անձ ձերբակալվել է
Մուշեղ Զաքարյանի նկատմամբ կիրառված բռնությունների գործով մեղադրանք է առաջադրվել 5-րդ անձին