Հայկ Ալումյանին երեկ այդպես էլ թույլ չեն տվել տեսակցել Բուդաղյանի հետ
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով ձերբակալված Արա Բուդաղյանի պաշտպանությունը ստանձնելու համար փաստաբան Հայկ Ալումյանը երեկ գիշերը մինչև ժամը 1-ը սպասել է Ազգային անվտանգության ծառայության մոտ, սակայն նրան ներս չեն թողել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ինքը` Ալումյանը:
«Երեկ մինչև գիշերը ժամը 1-ը սպասել եմ, բայց հնարավորություն չեն տվել տեսակցել Բուդաղյանի հետ: Դիմեցինք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, եկան արագ արձագանքման ծառայության աշխատակիցը, փորձեց հարթել հարցը, բայց ոչ մի կերպ թույլ չտվեցին», -ներկայացրեց փաստաբանը:
Նրա խոսքով, այսօր էլ ասել են ժամը 10:00-ին ներկայանալ ԱԱԾ, որպեսզի ներգարվվեն որպես պաշտպան, բայց նշված ժամանակից անցել է, բայց դուռը փակ է, չեն ընդունում:
«Քանի դեռ դռան փականը իրենց մոտ է, չարաշահում են: Մի փական տուր իրենց ու իրենք կհամարեն, որ հենց էդպես էլ պետք է լինի, կչարաշահեն», -վրդովված նկատեց փաստաբանը:
Ավելի վաղ Panorama.am-ը, վկայակոչելով ԱԱԾ լրատվական կենտրոնի տարածած հաղորդագրությունը, տեղեկացրել էր, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ կատարված մահափորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հուլիսի 3-ին. ձերբակալվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ՝ Գարեն Ռոմիկի Աթաջանյանը , Հենրիկ Շահենի Ավագյանը և Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Վլադիմիրի Մինասյանը և Արա Էմիլի Բուդաղյանը:
Հարակից հրապարակում`
Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձի գործով ձերբակալվել է Արա Բուդաղյանը և ևս 3 անձ. ԱԱԾ