Հետխորհրդային շրջանում Չաքմաքչյանի առաջին անհատական ցուցադրությունը՝ Հայաստանում
Գաֆէսճեան արվեստի կենրոնում բացվել է «Արտո Չաքմաքչյան. վերածնունդ» ցուցադրությունը: Կենտրոնից Panorama.am-ին տեղեկացնում են, որ «Արտո Չաքմաքչյան. վերածնունդ» ցուցադրությունը ներկայացնում է հետխորհրդային շրջանում կանադաբնակ հայ արվեստագետի առաջին անհատական ցուցադրությունը Հայաստանում: Վերջին 40 տարիներին ապրելով և աշխատելով Կանադայում ՝ արվեստագետը պահպանել է կապն իր արմատների և հայկական մշակույթի հետ:
Ցուցադրությունն ընդգրկում է 10 քանդակ և 20-ից ավելի գրաֆիկական աշխատանք արվեստագետի ստեղծագործական բազմամյա ուղուց, այդ թվում եզակի ստեղծագործություններ հայկական վաղ շրջանից` ներկայացնելով նրա վերջին տասնամյակների ոճական և գեղարվեստական զարգացումը: Հայկական մշակույթի երկու առանցքային ֆիգուրներ Գրիգոր Նարեկացին և Կոմիտասը մշտապես ոգեշնչման աղբյուր են հանդիսացել արվեստագետի համար, և նրանց պատկերող աշխատանքները կենտրոնական տեղ են գրավում այս ցուցադրության շրջանակներում` ընդգծելով արվեստագետի գաղափարախոսությունը հայկական մշակույթի և նրա հոգևոր ուժի առնչությամբ:
Ցուցադրությունը գործելու է մինչև օգոստոսի 30-ը: Սրահի մուտքն այսօր, ինչպես նաև հուլիսի 11-12-ին անվճար է:
Արտո (Հարություն) Չաքմաքչյանը ծնվել է Եգիպտոսում 1933թ.: Նրա ընտանիքը հայրենադարձվել է Հայաստան 1946թ.: Իր մասնագիտական ուսուցումն սկսել է 15 տարեկան հասակում Փանոս Թերլեմեզյանի անվ. գեղարվեստի ուսումնարանում: 1962թ. արժանացել է Պրահայի Ժամանակակից կերամիկայի միջազգային ցուցադրության առաջին մրցանակին «Պառկած ֆիգուր» ստեղծագործության համար: Արվեստագետը նաև արժանացել է Մոսկվայի խաղաղության հանձնաժողովի կողմից կազմակերպված «Հիրոշիմայի զոհերի հիշատակի հուշարձանի մրցույցի» առաջին մրցանակին: 1964թ. ստեղծագործությունը ԽՍՀՄ կողմից նվիրաբերվել է Հիրոշիմա քաղաքին:
1969թ. նա նաև ստացել է Հայաստանի երիտասարդական միության ոսկե մեդալը «Մայր» և «Առնո Բաբաջանյան» աշխատանքների համար, որոնք ձեռք են բերվել Մոսկվայի Տրետյակովյան թանգարանի կողմից: 1984թ. շահել է առաջին մրցանակը Մոնրեալում անցկացված Ուիլֆրեդ Պելետիեյի մրցույթում՝ ներկայացնելով վերջինիս կիսանդրին: Նրա աշխատանքները նաև ցուցադրվել են համաշխարհային ճանաչում վայելող թանգարաններում, մասնավորապես Լուվրում: Նրա վերջին կարևոր ցուցադրությունը կայացել է 2010թ. Փարիզում ՅՈՒՆԵՍԿՈ-ի կենտրոնական գրասենյակում:
Թեմային առնչվող հրապարակում՝
Արտո Չաքմաքչյան. Ինձ համար մագնիս է դարձել Հայաստանը