«Ինձ ձեզնից միայն ծափեր են պետք»... Մհեր Մկրտչյան (լուսանկարներ, տեսանյութ)
«Մհեր Մկրտչյանն իր ժողովրդին սովորեցրեց ժպտալ, ծիծաղել, սովորեցրեց կյանքի ծանրությունը թեթևացնել հումորով»,- Մհեր Մկրտչյանի մասին ասել է Սոս Սարգսյանը:
Այսօր «հայ թատրոնի առեղծվածներից մեկի», «զարմանահրաշ արտիստ» Մհեր Մկրտչյանի՝ ժողովրդի կողմից սիրված Ֆրունզի ծննդյան օրն է:
Մհեր Մկրտչյանը ծնվել է Գյումրիում 1930 թվականին։ Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։
Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-46 թվականններին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո, 1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մհերը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր՝ ցուցաբերելով իր տարիքի համար անսովոր վարպետություն։
1953 թ-ին նա տեղափոխվել է Սունդուկյանի անվան թատրոն, սովորել գեղարվեստաթատերական ինստիտուտում (ղեկավար՝ Վ. Վաղարշյան)։ 1959 թ-ին ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրել է նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում:
«Ես գիտեմ, որ Մհեր Մկրտչյանի բոլոր տեսակի դերասանական գյուտերը և մանրամասները ծնվում են իր հոգու պահեստից, մի պահեստ, որտեղ նա՝ մանուկ հասակից տպավորվող, զգայուն, խելացի երեխան, պատանին, երիտասարդը, կուտակել է և այժմ շռայլորեն ծախսում է իր արվեստում...»,- ասել է կինոռեժիսոր Հենրիկ Մալյանը:
Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն են տվել դասվելու կինոարվեստի ինքնատիպ անունների շարքում՝ Արսեն («Նվագախմբի տղաները»), Գասպար («Եռանկյունի»), Իշխան («Մենք ենք, մեր սարերը»), Հայրիկ («Հայրիկ»), Ամիրո («Նահապետ»), Գրիգոր աղա («Կտոր մը երկինք»), Իսայի («Խաթաբալա») դերերում։
Մհեր Մկրտչյանը եթե «Հայֆիլմում» հաջողությամբ մարմնավորում էր դրամատիկական կերպարներ, ինչպես Նիկոլը («Հին օրերի երգը»), ապա այլ կինոստուդիաները նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերերի համար։ Նա նկարահանվեց «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնության» ժապավեններում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվեցին պետական բարձր պարգևներով։
«Մհեր Մկրտչյան .... Հայ թատրոնի առեղծվածներից մեկը .... Զարմանահրաշ արտիստ: Նա այն գյումրեցին էր, որ իր մեջ պարփակեց Շերամի վառվող ջիգյարը, Իսահակյանի պոեզիայի խորությունը, Շիրազի ժայթքող սիրտը, Մինասի խիտ ու անսպասելի գույները, Արփաչայի հավերժությունը»,- ասել է ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը:
Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականին։
«Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ: Դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և՜ լաց կա, և՜ ծիծաղ, և՜ հումոր»,- ասել է Մհեր Մկրտչյանը:
Եվ նա կարողացել է խաղալ ամեն ինչ՝ իր դերերով և լացացրել, և մինչև արցունքները հոսելու աստիճան ծիծաղեցրել մարդկանց:
«Ինձ ձեզնից միայն ծափեր են պետք, այնքան, մինչև ափերդ թմրի»: