ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ Անկախության օրվա առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ, այսօր հյուրընկալվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի նստավայրում: Սերժ Սարգսյանը տոնի կապակցությամբ շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին և ի դեմս նրա՝ դեսպանատան աշխատակիցներին ու Միացյալ Նահանգների ամբողջ ժողովրդին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հանրապետության նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային, որում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո պարոն Նախագահ,
Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա կապակցությամբ:
Մենք բարձր ենք գնահատում ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված հայ-ամերիկյան բարեկամությունը։ Մեծապես կարևորում ենք Միացյալ Նահանգների դերակատարությունը Հարավային Կովկասի անվտանգության և կայունության ապահովման, ինչպես նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումների խրախուսման հարցում։ Հայ-ամերիկյան գործընկերային սերտ և բազմաբնույթ կապերը շարունակում են գործնական ուղի հարթել Հայաստանի տնտեսական զարգացման, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, քաղաքացիական հասարակության կայացման համար:
Ընթացիկ տարին մեր երկրների համար նշանավորվեց մի շարք կարևոր իրադարձություններով, մասնավորապես՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև վիզային ռեժիմի էական բարեփոխմամբ, Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի ստորագրմամբ, Հայաստանի տնտեսության մեջ անկախությունից ի վեր ԱՄՆ-ի ամենախոշոր ներդրմամբ: Համոզված եմ, որ նման ձեռքբերումներն ի զորու են խթանել և զգալիորեն առաջ մղել մեր համագործակցությունը: Մենք կշարունակենք առավելագույն ջանքեր գործադրել՝ նպաստելու մեր երկկողմ հարաբերություններում առկա պատկառելի ներուժի հնարավորինս արդյունավետ օգտագործմանը:
Մեծապես արժևորում ենք Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի կարևոր դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում և ակնկալում, որ ԱՄՆ-ը կշարունակի իր գործուն միջնորդական առաքելությունն ու կառուցողական ներգրավվածությունը՝ հանուն տարածաշրջանի կայուն և հարատև խաղաղության:
Ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»: