Առողջապահության ոլորտում Հայաստանը կարող է մրցակցային առավելություններ ունենալ. Ռուբեն Վարդանյան
Առողջապահությունն այն ոլորտն է, որտեղ Հայաստանը կարող է մրցակցային առավելություններ ունենալ: Այս մասին այսօր 4-րդ միջազգային բժշկական համաժողովում ասաց IDEA հիմնադրամի նախագահ Ռուբեն Վարդանյանը:
«Ներկայումս մենք ուսումնասիրություններ ենք իրականացնում, որպեսզի պարզենք, թե որտեղ մրցակցային առավելություններ ունենք և փորձում ենք այդ ոլորտները բացահայտել և ներկայացնել աշխարհին»,- ընդգծեց Ռ.Վարդանյանը՝ հավելելով, որ, մասնավորապես, ուսումնասիրում են առողջապահական տուրիզմը տարածաշրջանային կտրվածքով:
Նա նաև ներկայացրեց մի քարտեզ, որի վրա նշված էր հիմնադրամի գործունեության աշխարհագրությունը՝ Տաթևի զարգացման ծրագիրը, Դիլիջանի միջազգային դպրոցը, Ստեփանակերտի էկոպարկի նախագիծը, Անի-Գյումրի նախագիծը և այլն: Ռ.Վարդանյանի նշեց, որ օրինակ՝ Տաթև ծրագրի համար ներդրել են 20 մլն. դոլար, սակայն ամբողջ ծրագիրը կարժենա 80 մլն դոլար:
«Տաթևի ճոպանուղին միայն նախորդ տարի 1 մլն դոլարի եկամուտ է ունեցել»,-ասաց նա:
Նա նաև նշեց, որ Դիլիջանի միջազգային դպրոցի համար արդեն իսկ ներդրվել է 200 մլն դոլար: Ըստ նրա՝ Դիլիջանի դպրոցում սովորում են աշակերտներ 64 երկրից, դրա նկատմամբ հետաքրքրվածություն են դրսևորում ավելի ու ավելի շատ երկրներ:
«Մենք փորձում են վեր հանել Հայաստանի զարգացման շարժիչ ոլորտները, որոնց իրականացման արդյունքում Հայաստանը կդառնա միջազգային ստանդարտներին համապատասխան երկիր: Բացի այդ, տեղական բնակչության համար կապահովեն աշխատատեղեր և կբարձրացնեն բնակչության կենսամակարդակը»,- ասաց Ռուբեն Վարդանյանը:
Նա առանձնացրեց Հայաստանի հիմնական մրցակցային ոլորտները՝ կրթություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, առողջապահություն, տուրիզմ, գյուղատնտեսություն:
«Հիմա մենք փորձում ենք ուսումնասիրել, թե որ ոլորտում Հայաստանը հաջողություն կարող է ունենալ: Օրինակ՝ պլաստիկ վիրաբուժությունը ոլորտներից մեկն է, որը մեծ առավելություն ունի: Կարևոր է նաև ախտորոշումը: Մարդիկ հազարավոր դոլարներ են ծախսում զուտ բժշկական ախտորոշման համար, իսկ Հայաստանում մենք կարող ենք այս ուղղությունները զարգացնել և մեծ թվով մարդկանց բերել մեր երկիր»,- ասաց Ռուբեն Վարդանյանը:
Համաժողովի մասնակիցներից մեկը Ռուբեն Վարդանյանին հարցրեց, թե արդյոք իր հիմնադրամը չի կարող ֆինանսավորել պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումը Հայաստանում: Նշենք, որ արգանդի վզիկի քաղցկեղի հարուցիչներից ամենատարածված վիրուսը Պապիլոման է:
«Հայաստանում ավելի շատ եկեղեցիներ են կառուցվում, բայց մարդիկ, ովքեր ապրում են երկրում, առողջության կարիք ունեն»,- ասաց նա:
Պատասխանելով հարցին, Ռուբեն Վարդանյանն ասաց, որ ինքը պրագմատիկ անձնավորություն է, և փորձում է Հայաստանում զարգացնել սոցիալ-տնտեսական արդյունավետ մի մոդել, որը հնարավորություն կտա ապահովել կայուն զարգացում, նոր աշխատատեղեր ստեղծել, որպեսզի մարդիկ իրենք էլ միջոցներ ունենան՝ այս կամ այն ծրագրի մեջ ներդնելու համար:
«Այո, պետք է մտածենք, թե ինչպես ազգը առողջ դարձնենք: Դրա համար մենք ուսումնասիրում ենք, թե ինչպես կարող ենք եկամուտ ապահովել, որը կօժանդակի ստուգումները, պատվաստումները: Սակայն հովանավորչությունը ամենավատ գործն է, ես չեմ ցանկանում հովանավոր լինել, քանի որ բարեգործությունը նշանակում է միայն տալ և ոչինչ չավելացնել»,- ասաց Ռ.Վարդանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում