Սանայի կենտրոնն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի վտանգի տակ հայտնված համաշխարհային ժառանգության ցանկում
Եմենի մայրաքաղաքի կենտրոնն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի վտանգի տակ հայտնված համաշխարհային ժառանգության ցանկում: Որոշումը կայացվել է Բոննում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 39-րդ նիստի ժամանակ: Այս մասին հայտնում է «Իտար-տասս»-ը:
Մասնագետների խոսքերով, զինված հակամարտության ընթացքում Սանայի հին քաղաքին լուրջ վնաս է հասցվել, մասնավորապես տուժել են Ալ-Կասիմի թաղամասը, որը գտնվում է «Միկշամա Ալ-Կասիմի» հայտնի քաղաքային զբոսայգու մոտ, 12-րդ դարի Ալ-Մահդի մզկիթը և հարակից տները:
Քաղաքի շենքերի բազմաթիվ պատուհանները և գույնզգույն, դեկորատիվ դռները, որոնք բնութագրում են Եմենի ազգային ճարտարապետությունը, կոտրվել են կամ վնասվել:
Կոմիտեն ափսոսանք և մտահոգություն է հայտնել կատարվածի կապակցությամբ ու հիշեցրել, որ Սանայի շրջանը բնակեցվել է ավելի քան 2500 տարի առաջ: 7-8-րդ դարերում քաղաքը իսլամի տարածման խոշորագույն կենտրոնն էր:
Սանայի պատմական կենտրոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվել է 1986 թվականին:
Նախորդող հրապարակումներ՝
ՅՈՒՆԵՍԿՕ-ն խստորեն դատապարտել է Սանայի պատմական շինությունների ավերումը
Մշակութային տեռոր. Ո՞ր մշակութային հուշարձանները կարող է ոչնչացնել «Իսլամական պետությունը» (լուսանկարներ)
Պալմիրան` ոչնչացման սպառնալիքի առջև (լուսանկարներ)