Հունաստանի ֆինանսների նախարարը հրաժարական է տվել
Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսն այսօր հայտարարել է, որ հրաժարական է ներկայացնելու:
«Հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո ինձ հայտնի դարձավ, որ որոշ եվրախմբերի մասնակիցներ ու գործընկերներ նախընտրում են, որ ես բանակցություններում չլինեմ, և դա կարող է օգնել համաձայնության հասնել: Այդ պատճառով ես այսօր լքում եմ ֆինանսների նախարարությունը»,-«Վեստի.ռու»-ի փոխանցմամբ, ասել է նախարարը:
Փորձագետները նկատում են, որ այս որոշումը հակասում է նախարարի՝ նախկինում արված հայտարարություններին: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ կհեռանա պաշտոնից, եթե հույները հանրաքվեում կողմ քվեարկեին վարկատուների պահանջներին:
Նշենք, որ նախօրեին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում հույների 61,31%-ը դեմ է քվեարկել տնտեսության խիստ միջոցներին, որոնք առաջարկում են վարկատուները:
Երկրի վարչապետը շնորհակալություն է հայտնել ժողովրդին իրեն ցուցաբերած աջակցության համար և հայտարարել է, որ հենց այսօր էլ կառավարությունը պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի առաջին հերթին հասնի բանկային համակարգի աշխատանքի վերսկսմանը: