«Լիսկայի» դեմ մահափորձի գործով փաստաբանը միջնորդում է պաշտպանության միջոց տրամադրել Ավագյանի ընտանիքին
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) դեմ մահափորձի գործով հունիսի 5-ին մեղադրյալ կապանցի Հենրիկ Ավագյանի պաշտպանը միջնորդելու է, որպեսզի իր պաշտպանյալի ընտանիքի անդամների համար պաշտպանության անհրաժեշտ միջոցներ իրականացվեն: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Հենրիկ Ավագյանի պաշտպան, Հանրային պաշտպանի գրասենյակի անդամ Սյուզաննա Խչեյանը:
«Հաշվի առնելով տեսակցության ժամանակ իմ պաշտպանյալի կողմից հայտնած որոշակի տեղեկություններ, առաջիկայում պատրաստվում եմ միջնորդություն ներկայացնել իմ պաշտպանյալի ընտանիքի անդամներին` կնոջը, ծեր մորը և երկու աղջիկներին պաշտպանության միջոց կիրառելու վերաբերյալ, քանի որ մտավախություններ կան», -փոխանցեց փաստաբանը:
Մեր հարցին, թե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կամ նրա կողմնակիցների կողմից սպառնալիքնե՞ր են ստացել Ավագյանի ընտանիքի անդամները, փաստաբանը պատասխանեց. «Հաշվի առնելով զարգացող իրադարձությունները, չի բացառվում, որ ստանան, և վարույթ իրականացնող մարմինը պետք է անհրաժեշտ պաշտպանության միջոցներ կիրառի ընտանիքի անդամների նկատմամբ: Շատ գործոններ հաշվի առնելով, կարծում եմ մտավախությունն անտեղի չէ»:
Փորձեցինք հստակեցնել, թե սպառնալիքնե՞ր են ստացել Ավագյանը կամ նրա հարազատները, փաստաբանն արձագանքեց, որ պաշտպանության միջոց կիրառելու անհրաժեշտության մասին նա եզրակացրել է իր պաշտպանյալի հետ հանդիպման ընթացքում:
Հիշեցնենք` Հենրիկ Ավագյանին մեղադրանքն առաջադրվել է 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով` շահադիտական դրդումներով երկու կամ ավելի անձանց սպանության փորձ, ինչպես նաև 235-րդ հոդվածի 1-ին մասով` «անօրինական զենք պահելը»: Հունիսի 5-ին երեկոյան Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, որոշեց նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել 2 ամսով կալանավորումը` բավարարելով ԱԱԾ քննչական վարչության միջնորդությունը: Այսինքն` ըստ նախաքննական մարմնի, Հենրիկ Ավագյանը կրակողն է եղել:
Փաստաբան Խչեյանը տեղեկացրեց, որ Հենրիկ Ավագյանի հետ առայժմ քննչական գործողություն ծրագրված չէ իրականացնել: Մինչ այդ, երբ կասկածյալ էր Ավագյանը հրաժարվել է ցուցմունքներ տալ: Հրաժարվել է նաև մեղդրյալի կարգավիճակում` որևէ դիրքորոշում չհայտնելով նաև մեղդրանքի վերաբերյալ: Ի դեպ, կալանքի մասին որոշումը փաստաբանը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ դատարանում:
Նշենք, որ այս գործով կալանքի մասին որոշումը պատրաստվում է բողոքարկել նաև մեկ այլ մեղադրյալ Արա Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
Հարակից հրապարակումներ`
Արա Բուդաղյանի նկատմամբ պատրաստվում են մեղադրանք առաջադրել. Ալումյան
Կազմվել է Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ կատարած անձի ֆոտոռոբոտը
Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձի գործով ձերբակալվել է Արա Բուդաղյանը և ևս 3 անձ. ԱԱԾ
«Բացարձակ կամայականություն էր». Փաստաբանը բողոքարկելու է Բուդաղյանին կալանավորելու մասին որոշումը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան