Բենզինի գնի բարձրացման համար որևէ հիմք չկա. Մեսրոպ Առաքելյան
Վերջին օրերին Հայաստանում արձանագրվել է բենզինի գնի բարձրացում՝ 10 դրամի չափով: Սա այն դեպքում, երբ միջազգային շուկայում, պայմանավորված Հունաստանում տիրող ֆինանսական ճգնաժամի խորացմամբ, նավթի գների աննախադեպ անկում է գրանցվել: Մասնավորապես, այսօր Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,39 տոկոսով՝ կազմելով 59,47 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Հիշեցնենք, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից Panorama.am-ին տեղեկացրել էին, որ Հանձանաժողովի ուսումնասիրությունները նույնպես փաստում են, որ բենզալցակայաններում արձանագրվել է բենզինի գնի բարձրացում: «Ներկայումս Հանձնաժողովը շարունակում է հետևել այս շուկայում տեղի ունեցող զարգացումներին և գների բարձրացման միտումները շարունակվելու դեպքում Հաձնաժողովը անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկի՝ գնային փոփոխությունների հիմնավորվածությունը պարզելու նպատակով»,- Panorama.am-ին ասել էր ՏՄՊՊՀ նախագահի մամուլի խոսնակը:
Ինչո՞վ է պայմանավորված բենզինի թանկացումը:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ իրականում բենզինի գնի բարձրացման համար որևէ հիմք չկա: Բենզինի գնի վրա մեծ ազդեցություն է ունենում դոլարի փոխարժեքը, սակայն կայունացման հետ մեկտեղ վերջին շրջանում փոխարժեքը նույնիսկ մի փոքր նվազել է: Ուստի, ըստ տնտեսագետի, դա նույնպես պետք է բերեր բենզինի գների նվազեցման:
Նրա խոսքերով՝ նավթի համաշխարհային գները նախորդ տարվանից սկսած մեծ տեմպերով նվազում են: Դրանով պայմանավորված, այս տարվա սկզբից Հայաստանում որոշ չափով նկատվել է բենզինի գնի նվազում:
«Հիմա նկատում ենք, որ բենզինի գները բարձրացել են, թեև նավթի գներն ավելի մեծ անկում են ապրել: Հաշվի առնելով, որ բենզինի ոլորտը, ինչպես նաև բազմաթիվ այլ ոլորտներ Հայաստանում մոնոպոլացված են, շատ հաճախ մենք նկատում են գների բարձրացում՝ ոչ տնտեսական գործոններով պայմանավորված»,-ասաց Մ.Առաքելյանը:
Տնտեսագետը բենզինի գնի բարձացումը կապում է նաև «Ակցիզային հարկի մասին» օրենքի փոփոխություններով: Նշենք, որ Ազգային ժողովն օրինագիծն ընդունել է առաջին ընթերցմամբ: «Կարծում եմ, որ հիմնականում դրանով է պայմանավորված: Ապագայում հնարավոր ծախսերի ավելացումը մեր տնտեսվարողները փորձում են ավելի շուտ կոմպենսացնել և հավելյալ շահութ ստանալ»,- նշեց Մ.Առաքելյանը:
Նշենք, որ «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծով ՀՀ կառավարությունն առաջարկում է վերանայել վառելիքի` բենզինի և սեղմած գազի ակցիզային հարկի դրույքաչափերը: Եթե ներկայումս բենզինի համար 112 հազար դրամ է սահմանված ակցիզային և ավելացված հարկի հանրագումարը, ապա նոր օրինագծով առաջարկվում է այն դարձնել 120 հազար դրամ 1 տոննայի դիմաց, եթե դիզելային վառելիքի համար` 32 հազար 500 դրամ է հիմա, ապա փոփոխությամբ առաջարկվում է դարձնել 35 հազար դրամ, սեղմած գազի 1000 խմ-ի համար սահմանել 8300 դրամ: