Ոստիկանությունը ցուցարարներին առաջարկում է միասին բացել Բաղրամյան պողոտան
Ոստիկանությունը Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներին առաջարկում է միասին բացել Բաղրամյան պողոտան, միասին հեռացնել աղբամանները երթևեկելի հատվածից:
Ցուցարարների հետ զրույցում ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասում են, իրենք դեմ չեն, որ հավաքը շարունակվի, այլ առաջարկում են անցկացնել Ազատության հրապարակում կամ Բաղրամյան պողոտայի ոչ երթևեկելի մասում: Նրանք առաջարկում են ցուցարարներին իրենց հավաքը տեղափոխել օրինական դաշտ:
Քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանն ասաց, որ ժամը 21:00-ին կորոշեն իրենց անելիքները. «Ինչ էլ անեք հիմա, սադրանք է դիտարկվելու: Երեկոյան որոշում կկայացնենք ու կասենք, թե ինչ ենք անում»:
Հիշեցնենք, որ այսօր ոստիկանությունը հայտարարություն էր տարածել. «ՀՀ ոստիկանությունը ևս մեկ և վերջին անգամ առաջարկում է հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին` այսօր մինչև ժամը 12.30-ը ինքնակամ վերացնել Բաղրամյան պողոտայի արգելափակումը: Հակառակ դեպքում, ժամը 12.00-ից սկսած ՀՀ ոստիկանությունը դա կիրականացնի իրեն վերապահված լիազորությունների գործադրման միջոցով»:
Հիշեցնենք, որ Բաղրամյան պողոտայում հունիսի 22-ից շարունակվում է նստացույցը: Քաղաքացիները պահանջում են չեղյալ հայտարարել հունիսի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ընդունված օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով թանկացնելու որոշումը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան