Հովհաննես Սահակյան. Հանդուրժողականությունն էլ չափ ունի
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի կարծիքով, ոստիկանությունը Բաղրամյան պողոտայում իրականացվող հավաքի ողջ ընթացքում հանդուրժողականություն է ցուցաբերել, սակայն հանդուրժողականությունն էլ որոշակի չափ ունի:
«Հատկապես ցերեկային ժամերին պողոտայում քիչ մարդիկ էին, եղածներն էլ ստվերում էին՝ ծառերի տակ: Կարծում եմ, որ հանդուրժողականությունն էլ որոշակի չափ ունի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:
Այսօր կեսօրին Բաղրամյան փողոցում հասարակական կարգի վերականգնմանն ուղղված ոստիկանության գործողություններին Panorama.am-ի զրուցակիցը հետևել է համացանցի միջոցով: Այն կարծիքին է, որ ոստիկանության աշխատակիցների գործողություններն իրավաչափ են. «Գիտե՞ք ինչ, եթե օրենքի որևէ դրույթը խախտված է և այն պետք է վերականգնել ոստիկանության միջամտությամբ, ապա կարծում եմ, որ այդ գործողությունները համաչափ են: Եթե եղել են այլ դեպքեր, որոնք գուցե ես չեմ նկատել, դրա համար կան համապատասխան քայլեր, ապա կարելի է դիմել դատարան, որպեսզի տվյալ ոստիկանի՝ ոչ համաչափ գործողությունները վիճարկվեն: Եթե ոչ իրավաչափ են, ապա տվյալ ոստիկանը պետք է կրի պատասխանատվություն»:
Օրենսդիր մարմնի ներկայացուցիչն ուզում է, որ հավաքի առաջին օրերի ընթացքում պողոտայում եղած մթնոլորտն այլևս մշակույթ դառնա. «Հանդուրժողականություն է դրսևորվել՝ հասկանալով, որ երիտասարդները հավաքվել ու խնդիր են բարձրացնում են: Այդ խնդիրն արդեն իսկ այս պահին լուծված է: Դրանից հետո փորձել պողոտան ծառայեցնել տարբեր քաղաքական ուղղվածություն ունեցողների նպատակներին սխալ է, այդ պարագայում այն դառնում է մի փոքր այլ բնույթի հավաք: Դրա համար ես կարծում եմ, պետք էր որոշակի միջամտություն: Եվ ի սկզբանե մենք պետք է հասկանանք, որ չպետք է օրենք խախտենք, որպեսզի ոստիկանությունը չմիջամտի»:
Վկայակոչելով «Հավաքների ազատության մասին» օրենքը, պատգամավորը հիշեցրեց, որ օրենքը հստակ սահմանում է, թե որն է ինքնաբուխ հավաք, մինչև 100 հոգանոց հավաքները որտեղ, ինչ ձևերով կարող են իրականացվել: Սահմանվում է նաև՝ մասսայական հավաքները ինչպես պետք է իրականացվեն.
«Մենք բոլորս պետք է պահպանենք այդ նորմերը, որովհետև դրանից կախված է նախ և առաջ հանրահավաքի մասնակից մարդու անվտանգությունը, ու եթե աստված մի արասցե, անպիսի իրավիճակ ստեղծվի, որ անդառնալի կորուստներ ունենանք, դրա համար էլ է ոստիկանությունը պատասխանատվություն կրում, որովհետև նա պարտավոր է անվտագությունը ապահովել, իսկ անվտանգությունն ապահովելը հնարավոր է փոխադարձ հարգաքի հիման վրա»:
Հիշեցնենք, որ այսօր ոստիկանությունը նախ հայտարարեց, ապա ձեռնամուխ եղավ Բաղրամյան պողոտայում հասարակական կարգի վերականգնմանը: Պողոտայի մեջտեղում նստած մի քանի քաղաքացիներին ոստիկանները գրկած տեղափոխեցին ոստիկանական մեքենաներ, ապա բերման ենթարկեցին: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ բերման ենթարկվածների նկատմամբ հետապնդում չի իրականացվելու, բոլորն ազատ են արձակվելու:
Բաղրամյան պողոտան այժմ երթևեկելի է: Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում