Արամ Շահբազյանի ֆիլմը՝ Սախալինի կինոփառատոնում. ռուս բլոգերի վերլուծությունը
«Բարև բոլորին, փառատոնի բարեկամներին և ուղղակի կինոսիրողներին: Կներեք, որ հիասթափեցրել եմ ձեզ երկարատև լռությամբ: Այս տարի կջանամ նախապես ներկայացնել փառատոնի ողջ ծրագիրը՝ շուրջ 60 լիամետրաժ կինոնկար և ավելի քան 100 ֆիլմ ընդհանրապես: Հիմա սկսենք մրցույթից, ինձ համար ամենաթանկ ֆիլմերից մեկից: «Մոսկվիչ, իմ սեր» (Հայաստան, 2015 թվական), ռեժիսոր Արամ Շահբազյան»: Փառատոնի պաշտոնական կայքում այսպես է սկսվում ռուս բլոգերի հոդված-վերլուծությունը հայկական ֆիլմի մասին:
«Ֆիլմը ներկայացված է Սախալին-2015 կինոփառատոնի մրցութային ծրագրում, պրեմիերա միջազգային փառատոնի մրցույթում, դեբյուտ: Ժամանակակից մշակույթում դժվար բաներից մեկը՝ աշխատել մետաֆորաների, խորհրդանիշների հետ: Մեր իրականությունն այնքան ձիգ է ու ագրեսիվ, որ ցանկացած փորձ իմաստավորելու այն աբստրակտ խորհրդանիշների միջոցով վերածվում է ծանրաքաշության և ֆալշի, գեղարվեստական ստի: Եվ միայն այն ժամանակ, երբ խորհրդանիշը հանդիսանում է կյանքի մի մաս, ստեղծագործողին հաջողություն է սպասվում: Այսպիսին է «Մոսկվիչը»՝ համեմատաբար էժան խորհրդային ավտոմեքենա, որը չապրեց մինչև ԽՍՀՄ անկումը և դարձավ հայ ռեժիսոր Արամ Շահբազյանի ֆիլմի սյուժետային և իմաստային կենտրոնը:
Ինչը կարող է ավելի բնական ու ուժեղ լինել, քան սովետական մարդու ավտոմեքենա ունենալու երազանքը: Այն և փոխադրամիջոց է, և սոցիալական կարգավիճակ, և ազատության երկչոտ փորձ՝ անազատ հասարակության մեջ: Ինչ որ կերպ, վատ ճանապարհին, ինքնուրույն ընտրել շարժման ուղղությունը, չհամաձայնեցնելով այն կուսակցության և կառավարության գծի հետ: Սակայն դրանք միայն առաջին, ակնհայտ մտքերն են, քաջածանոթ յուրաքանչյուր մարդու, ով գոնե մի փոքր հասցրել է ապրել ԽՍՀՄ-ում: Ադրբեջանից փախստական Համո Ավանեսյանի պատմության մեջ, ով փառավոր աշխատանքային անցյալ ունի, կարմիր, սիրով վերանորոգված «Մոսկվիչը» մնալով սովետական աշխարհի հիանալի և ցանկալի արտեֆակտ, հարստանում է բազմաթիվ այլ իմաստներով:
Ինչ է այն գլխավոր հերոսի համար: Դա անցյալ է, երիտասարդություն, Խորհրդային Միություն: Դա հուշ է այն ժամանակների մասին, երբ հայերն ու ադրբեջանցիները ապրել են խաղաղ ու աշխատել միասին: Դա հիշողություն է խորհրդային կարգերի անարդարության մասին, որը Համոյից խլել է ավտոմեքենան, որն օրենքով էր հասնում նրան աշխատանքային սխրանքի համար: Այն հուսալի օգնական էր, որ կարող էր օգնել փախչել հայերի ջարդերի ժամանակ: Այն երազանք է այն ժամանակի մասին, երբ որդին կվերադառնա տուն երիտասարդ կնոջ հետ: Այն կախարդական միջոց է, որը կարճ ժամանակով երիտասարդություն է վերադարձնում հերոսին: Այն մանկական խաղալիք է, որով կխաղան ապագա սերունդները: Այս խորհրդանիշի մեջ ռեժիսորը հասնում գաղափարի ու առարկայի այն միասնությանը, որի մասին գրել է ռուս փիլիսոփա Ալեքսեյ Լոսեվը: Հենց այդ միասնությունն է ֆիլմը դարձնում իրական հաջողություն:
Զարմանալի է, բայց հայաստանցի ռեժիսորը կարողացել է պատմել մեր ընդհանուր անցյալի մասին ավելի ճշգրիտ, քան շատ ժամանակակից ռուս ռեժիսորներ: Կյանք երազանքի ավերակների վրա, սա ծանոթ է ԽՍՀՄ-ից բոլոր դուրս եկածների համար: Բայց սա այնքան ունիվերսալ թեմա է, որ Համոյի պատմությանը ոչ ոք անտարբեր չի մնա: Բացարձակ ակնհայտ է, որ Հայաստանում նոր տաղանդավոր ռեժիսոր է հայտնվել, որի ֆիլմերը հայտնի կդառնան ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից շատ հեռու»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները