25 տարվա ընթացքում հայկական գիտությունում որևէ ներդրում չի կատարվել. Վահան Համազասպյան
Մեր բոլոր խնդիրները գալիս են նրանից, որ Հայաստանի արդյունաբերությունը չի աշխատում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Համազասպյանը:
Նրա խոսքերով՝ Հայաստանի տնտեսությունը վերականգնելու համար պետք է աշխատի գիտությունը, բայց գիտությունը աշխատում է այնքանով, որ ստեղծվում են տարբեր ծրագրեր, բայց ներդրման խնդիրն այդպես էլ չի լուծվում: «25 տարվա ընթացքում հայկական գիտության մեջ որևէ ներդրում չի կատարվել, բայց կան այնպիսի հիանալի ծրագրեր, որոնք կարող են խնդիր լուծել»,- ասաց Վ.Համազասպյանը:
Անդրադառնալով Հելիոֆիկացիայի ծրագրին, որի հեղինակն է Վ.Համազասպյանը, էլեկտրաէներգիայի թանկացման պարագայում ճիշտ լուծումը հելիոֆիկացիայի զարգացումն է և լավագույն տարբերակը ջերմային էներգիայի օգտագործումն է: «Աստված մեզ այնքան արև է տվել, որ մենք ունենք մեծ հնարավորություն այդ էներգոաղբյուրը օգտագործելու, բայց չենք օգտագործում»,- ասաց նա:
Նա նշեց, որ օրեր առաջ տեղի ունեցած համաժողովում դիմել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին, թե ինչն է խանգարում արևային էներգիայից էլեկտրաէներգիա ստանալու ծրագրերի իրականացմանը: «Պարզվում է՝ այստեղ չկան բաշխիչ ցանցեր: Բացի այդ, արևի տված էներգիան շատ էժան է՝ 0.3 դրամ, բնական է, որ թույլ չեն տա շատ էժան գնով էլեկտրաէներգիա շուկա մտցնել»,- նշեց նա:
Ըստ նրա՝ Կառավարությունը հայտարարում է, թե արևային էներգիան ծախսատար է, բայց ամենևին դա ծախսատար գործընթաց չէ, ուղղակի այդ հայտարարություններով ցանկանում են արևային էներգիա ստանալու ծրագրերը խափանել: «Մեծ ներդրումներ էլ պետք չեն, պայմաններ կան այդ էներգիան ստանալու համար»,- նշեց Վ. Համազասպյանը: