Ֆիրդուսիի նախկին բնակիչներ. Եթե հարցին լուծում չտրվի, կգնանք Բաղրամյան մեր մահճակալներով
Քիչ առաջ Ֆիրդուսի բնակիչներից մի կին փորձեց մուտք գործել կառավարության շենք, սակայն ոստիկանները կարողացան կանխել: Այս պահին բնակիչները նստած են կառավարության շենքի աստիճաններին: Նրանք հայտարարեցին, որ չեն հեռանա այդտեղից, քանի դեռ կառավարության ղեկավարն իրենց չի ընդունել:
Բնակիչներից մեկը Panorama.am-ի թղթակցին ասաց, որ տուն չունեն: Գերակա հանրային շահ ճանաչված տարածքում նախկինում ապրող հարյուրից ավելի ընտանիք այսօր մնացել է անտուն: Արդեն 9 տարի է՝ կառավարությունը խոստանում է, որ իրենց հարցին լուծում կտա, սակայն ամեն անգամ հարցի լուծումը հետաձգվում է՝ այսօր-վաղը, այսօր-վաղը:
«Ասեցին, գերական հանրային շահ ճանաչված հողերը կվաճառեն ու այդ գումարներով կփոխհատուցեն բնակիչներին: Բայց մինչև այսօր ոչինչ չի փոխվել, չգիտենք էլ հողերը վաճառվել են, թե ոչ: Քանի վարչապետ պիտի փոխենք, որ մեզ լսեն, ունեն «Արի տուն» ծրագիր, մեզ էլ ասում եք, ըստեղից գնացեք: Մենք չենք հեռանալու, սա մեր երկիրն է, դուք գնացեք եթե ուզում եք: Եթե հարցին լուծում չտրվի, ապա կգնանք Բաղրամյան պողոտա մեր մահճակալներով»,-նշեց բնակիչը:
Տարածքում հասարակական կարգը պահպանող ոստիկանների թիվն ավելացել է:
Կառավարությունից Panorama.am-ին հայտնեցին, որ ցուցարարներին պատրաստվում է ընդունել վարչապետի խորհրդականներից մեկը, չի բացառվում, որ բնակիչներին հանդիպի նաև անձամբ վարչապետը:
Նախորդող լուր՝
Ցուցարարները փակեցին դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան