«Ոսկե ծիրան»-ն այս տարի ևս կհամագործակցի ՀՀ-ում օտարերկրյա դեսապանությունների հետ
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը այս տարի ևս պատիվ ունի համագործակցելու ՀՀ-ում մի քանի օտարերկրյա դեսպանությունների հետ: Մասնավորապես՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի և Ռուսաստանի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիմանն ասաց «Ոսկե ծիրան» Երևանի ՄԿՓ գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը:
Ֆրանսիայի դեսպանության հետ արդեն ավանդական դարձած համագործակցության շնորհիվ այս տարի ևս կիրականացվեն համատեղ նախաձեռնություններ:
Հանդիպմանը ներկա Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն նշեց, որ սա հիանալի հնարավորություն է հայ հանդիսատեսին ներկայացնելու միջազգային ֆիլմարվեստի դրսևորումները. «180 ֆիլմ մոտ 60 երկրից, իսկապես գովելի է շատ: Քանի որ տարին նշանակալի է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցով, անմասն չեն մնացել նաև այդ թեմային առնչվող կինոժապավենները, որոնց մեջ կան անհատական և ընտանեկան պատմություններ, ազգային ինքնությանն առնչվող թեմաներ»:
Դեսպանը կարևոր համարեց նաև Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ մի շարք անվանի կինոգործիչների՝ փառատոնին ներկա գտնվելը. «Երևան կժամանի նաև ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբերտ Գեդիկյանը, ով նաև լինելու է խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահը: Գեդիկյանի «Խենթի պատմությունով» էլ կբացվի «Ոսկե ծիրանը»: Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության մասին»:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության մշակութային ատաշե Աննեմարի Կուլումանն էլ տեղեկացրեց, որ այս տարի իրենց երկրից փառատոնին կներկայացվի 20 ֆիլմ. «Շնորհակալություն, որ հնարավորություն եք տալիս հայ հանդիսատեսին ներկայացնել գերմանական թեմաները»:
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությանը կից գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինն էլ բոլորին շնորհավորեց առաջիկա կինոփառատոնի առթիվ՝ այն մեծ և շատ գեղեցիկ միջազգային միջոցառում համարելով. «Հույս ունեմ, որ այս տարի ռուսական ֆիլմերը մրցանակների կարժանանան: Այս տարի Ռուսաստանից կինոփառատոնին կմասնակցեն նաև լրագրողներ և կինոքննադատներ, որոնց միջոցով էլ Ռուսաստանում այս կինոփառատոնի մասին առավել շատ կիմանան»:
Սուսաննա Հարությունյանը տեղեկացրեց, որ փառատոնի շրջանակներում կլինի նաև հատուկ լեհական ֆիլմերի օրեր, Երևան կժամանի անվանի լեհ կինոռեժիսոր Քշիշտով Զանուսսին. «Լեհական ֆիլմերով հարուստ է հատկապես «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթը: