Պետք է ավելի արդյունավետ մեխանիզմներ, օրենսդրություն մշակվի ցեղասպանությունները կանխարգելելու համար. Դեմոյան
««Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության» 12-րդ համաժողովին հետադարձ հայացքով նայելու ենք 20 -րդ դարի բոլոր ցեղասապանություններին, այդ թվում Հայոց ցեղասպանությանը: Ցեղասպանությունները պետք է դիտվեն համեմատականի մեջ, որի արդյունքում գիտական հանրույթը պետք է առաջարկություններ տա քաղաքական վերնախավին, միջազգային իրավունքի մասնագետներին, որպեսզի մարդկությունը կարողանա ավելի արդյունավետ մեխանիզմներ, օրենսդրություն մշակի ցեղասպանությունները կանխարգելելու համար»,- նախքան համաժողովի մեկնարկը լրագրողների հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Նա նշեց, որ 1948 թ. ՄԱԿ-ի՝ Ցեղասպանությունները կանխարգելող և պատժող կոնվենցիայից հետո էլ մարդկությունն ականատես է եղել ցեղասպանությունների կամ ցեղասպանական հանցագործությունների:
«Ունենալով միջազգային այս գործիքը, այն որևէ կերպ չկանխարգելեց 1948 թվականից հետո տեղի ունեցած ցեղասպանությունները, այսօր տարբեր տեղերում տեղի ունեցող ցեղասպանական գործողությունները»,- ասաց նա՝ հավելելով, որ կոնվենցիայով նախատեսված առաջին միջոցառումը՝ կանխարգելում, չի կատարվում, պատիժն էլ դառնում է քաղաքական շահարկումների առարկա:
Հիշեցնենք, որ Երևանում այսօր մեկնարկելու է «Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության» 12-րդ համաժողովը, որն անցկացվում է «20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն» խորագրի ներքո: Համաժողովին մասնակցում է 130 մասնագետ շուրջ 30 երկրից: Մասնակից երկրների աշխարհագրությունը շատ մեծ է՝ Ավստալիայից մինչև Բրազիլիա: Զեկույցով հանդես է գալու նաև Թուրքիայի ներկայացուցիչը: