«Կիլիկիա» առագաստանավն այս ամսվա վերջին դուրս կգա Սևանա լիճ
«Կիլիկիա» առագաստանավը նախորդ տարվա աշնանից դուրս է հանվել Սևանա լճից: Այն այժմ վերանորոգվում է, հուլիսի վերջին կրկին դուրս կգա Սևանա լիճ: Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Կիլիկիայի» նավապետ Կարեն Բալայանը:
«Փայտե նավ է, ամեն տարի պետք է ձմռանը դուրս հանվի ջրից, նորոգվի: Երևի մինչև հուլիսի վերջ կրկին կիջնի ջուր»,- ասաց նա:
Պատասխանելով հարցին, թե վերանորոգումից հետո հնարավո՞ր է կրկին Հայաստանից դուրս հանվի, նավապետը նշեց, որ դուրս տանելը մեծ միջոցների հետ է կապված:
Հիշեցնենք, որ «Կիլիկիան» երեք տարվա ընթացքում (2004 – 2006թթ.) շրջանցել է ողջ Եվրոպան` միջնադարյան հայ առևտրականների ուղիներով: Նավը մտել է 63 նավահանգիստ` Եվրոպայի և Ասիայի 25 երկրում՝ անցնելով ավելի քան 15000 ծովային մղոն (մոտավորապես` 28000 կմ):
Կարեն Բալայանի խոսքով, արդեն տարիներ շարունակ իրենք կանգնած են խնդրի առաջ՝ «Կիլիկիան» պատսպարելու տեղ չունեն:
«Տարիներ շարունակ մենք աշխատում ենք այս ուղղությամբ, դիմել ենք պատկան մարմիններին, սակայն որևէ դրական արձագանք չենք ստացել: Մեզ տարածք է պետք ծովային թանգարան կառուցելու համար, որտեղ էլ կպահպանենք նավը, բացի այդ ունենք հսկայական նյութեր՝ ներկայացնելու մեր ծովային պատմության փառավոր էջերը»,- ասաց նավապետը:
Նա համոզված է, որ հայկական ծովային թանգարանը կլինի համարժեք այլ երկրների նույնանման թանգարաններին:
Կիլիկիա» առագաստանավը կառուցվել է 13-րդ դարում Կիլիկյան Հայաստանում մեծ տարածում ունեցած համանման նավերի օրինակով։ Նավն ամբողջովին կրկնում է հին նավերին՝ սկսած ընդհանուր տեսքից մինչև ամենափոքրիկ ձևավորումը, որոնց մանրամասները նավի անձնակազմն ուսումնասիրել է գրքերից, նկարներից։ Նույնությամբ են կարված անգամ անձնակազմի հագուստները։ Նավի կառուցումը սկսվել է 1991 թվականին ու տևել 11 տարի: 2002 թվականի մայիսի վերջին տեղի է ունեցել «Կիլիկիա» առագաստանավի ջրարկումը (ծովագնացության մեջ հենց ջրարկումն է համարվում նավի ծնունդը):
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները