Վարշավայում անցկացվելու են «Սերգեյ Փարաջանովի օրեր»
Վարշավայում հուլիսի 10-13-ը կկայանա «Սերգեյ Փարաջանովի օրեր»: Միջոցառման շրջանակում Լեհաստանի մայաքաղաքում ցուցադրելու են ռեժիսորի ֆիլմերը, նաև ֆիլմեր Փարաջանովի մասին, կայանալու են հեղինակային երեկոներ, ուկրաինացի նկրիչներ Բորիս Եղիազարյանի և Կատերին Կոսյանենկոյի ցուցահանդեսները: Այս մասին տեղեկանում ենք radiopolsha.pl կայքից:
«Փարաջանովի օրերի» շրջանակում կկայանա նաև իտալացի հայտնի գրող, սցենարիտ Տոնինիո Գուերայի կնոջ՝ Լորա Գուերայի հետ հանդիպում, ով համագործակցել է և եղել է Փարաջանովի մտերիմներից:
Կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924 թ. հունվարի 9-ին Թբիլիսում: Նրա առաջին կարևոր կինոնկարը «Մոռացված նախնիների ստվերներն» է (1964), որը պատմում է գուցուլ Իվանի կյանքի մասին։ 1968 թ-ին Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայում Փարաջանովը ձեռնամուխ է լինում միջնադարյան հայ պոետ, աշուղ Սայաթ-Նովային նվիրված «Նռան գույնը» ֆիլմի ստեղծմանը (ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1988 թ): Այս ֆիլմով հաստատվել է Փարաջանովի արվեստի ինքնատիպությունը, և ռեժիսորն արժանացել է մեծ համբավի:
1973 թ-ին, երբ Փարաջանովն սկսել է «Հրաշքն Օդենսում» (նվիրված է Հանս Քրիստիան Անդերսենին) ֆիլմի աշխատանքները, նրան բանտարկել են: 1977 թ-ին միջազգային հանրության (Ֆրանսուա Տրյուֆո, Ժան-Լյուկ Գոդար, Ֆեդերիկո Ֆելլինի, Լուկինո Վիսկոնտի, Ռոբերտո Ռոսսելինի, Միքելանջելո Անտոնիոնի, Լուի Արագոն) ճնշման տակ ժամանակից շուտ ազատվել և վերադարձել է Թբիլիսի: 1982 թ-ին Փարաջանովը դարձյալ կեղծ մեղադրանքներով ենթարկվել է քրեական պատասխանատվության և 11 ամիս պահվել Օրթաճալայի բանտում: Ռեժիսորը նույնիսկ բանտախցում շարունակել է ստեղծագործել. կազմակերպել է ինքնագործ թատրոն, ստեղծել կոլաժներ, տիկնիկներ և գծանկարներ:
Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարում էր ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որն անավարտ մնաց և հետագայում ամբողջությամբ օգտագործվեց Միքայել Վարդանովի «Փարաջանով։ Վերջին Գարուն» (1992) վավերագրական ֆիլմում։
Փարաջանովը մահացել է 1990 թվականի հուլիսի 21-ին Երևանում, թոքերի քաղցկեղից:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա