Ցեղասպանության մասին խոսելիս անհրաժեշտ է օգտագործվի այդ եզրույթի միակ ճիշտ բնորոշումը՝ «հանցագործություն». ՀՀ նախագահ
«Ինձ համար պատիվ է ողջունել ձեզ Հայաստանում և ազդարարել այս ներկայացուցչական համաժողովի մեկնարկը։ Հպարտ եմ, որ լինելով մարդկության դեմ ամենասարսափելի հանցագործության՝ ցեղասպանության ենթարկված ժողովուրդ, մենք վերածնվել ենք, պետականություն կերտել և այսօր հնարավորություն ունենք հանդես գալու որպես ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի առաջամարտիկներից մեկը»,-ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Հայաստանի Ամերիկյան համալսարանի Մեծ դահլիճում Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության «20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն» խորագիրը կրող 12-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը:
«Հաճախ թվում է, որ միջազգային իրավունքի զարգացմանը, քաղաքական մտքի առաջխաղացմանը զուգընթաց մարդկությունը պետք է արդեն իսկ հաղթահարած լիներ ցեղասպանության հանցագործության արհավիրքը: Այնքան է խոսվել մարդկության դեմ ուղղված այս հանցագործության բաղադրիչների մասին, այնքան ջանք է ներդրվել այս հանցագործությունը բնորոշելու, կանխարգելելու, պատժելու և դատապարտելու ուղղությամբ, որ թվում էր, թե «այլևս երբեք» կարգախոսն իր լիարժեք իրագործմանը կհասնի:
Ցավոք, մենք այսօր էլ ականատեսն ենք դառնում ցեղասպանական գործողությունների, այլատյացության քարոզչության, ֆաշիստական գաղափարախոսության առաջմղմանը: Մենք տեսնում ենք զանգվածային սպանություններ, վայրագություններ, կոտորածներ, կրոնական, ազգային, լեզվական տարբերակմամբ հիմնավորվող խտրականություն, առանձին խմբերի հատվածային կամ ամբողջական ոչնչացման փորձեր, մշակութային ժառանգության և հոգևոր կյանքի թիրախավորում:
Դա հուշում է մեզ, որ միջազգային պայքարը ցեղասպանության հանցագործության դեմ պետք է նոր թափ առնի, նոր բովանդակություն ստանա և օգտագործի բոլոր հնարավոր հարթակները:
Հաճախ ցեղասպանության մասին խոսելիս ոմանք օգտագործում են «ողբերգություն» ձևակերպումը: Բայց անհրաժեշտ եմ համարում, որ մշտապես օգտագործվի այդ եզրույթի միակ ճիշտ բնորոշումը` «հանցագործություն»: Ողբերգությունը հաճախ կարող է տեխնոլոգիական աղետի հետևանք լինել, կարող է լինել բնական արհավիրքի հետևանք, նույնիսկ կարող է լինել պատահականության հետևանք: Ցեղասպանությունը, ի տարբերություն այդ ամենի, խորապես հաշվարկված, նախագծված, նախապատրաստված հանցագործություն է, որն ունի հստակ թիրախ, սահմանված գործիքակազմ և այլատյացության վրա հենվող գաղափարախոսություն:
Եվ հաշվի առնելով այդ հանցագործության բազմաշերտ բնույթը, չափազանց կարևոր է, որ դրա բնորոշման, կանխարգելման, դադարեցման, դատապարտման, դրա համար պատժի կիրառման գործընթացը լինի բազմակողմանիորեն հիմնավորված, և այդ հիմնավորվածությունը կառուցված լինի գիտական հենքի վրա: Պատմաբաններ, քաղաքագետներ, ազգագրագետներ, մշակութաբաններ, միջազգային իրավունքի մասնագետներ, հոգեբաններ, բազմաթիվ այլ մասնագետներ են անհրաժեշտ ցեղասպանության հանցագործության դեմ պայքարն ավելի արդյունավետ առաջ մղելու համար, ինչպես նաև ցեղասպանությունների հետևանքները հաղթահարելուն ուղղված քայլեր ծրագրավորելու և իրականացնելու համար: Դրանով է կարևորվում Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության այս հարթակը: Դուք մասնագիտորեն եք զբաղվում մարդկության առջև ծառացած այդ դժոխային երևույթով:
Ցավոք, պատմության ընթացքում հաճախ տարատեսակ շահերն անհեռատեսորեն վեր են դասվում ցեղասպանությունները կանխարգելելու հրամայականից՝ մարդկության տարեգրության մեջ ստեղծելով անպատիժ նախադեպեր ու դրանով իսկ խթանելով այդօրինակ վարքագծի հետագա դրսևորումները։ Գաղտնիք չէ, որ կատարված հանցագործությունները քողարկելու, զոհին ոճրագործ և ոճրագործին զոհ ներկայացնելու փորձերից զերծ չի մնում նաև գիտությունը կամ միգուցե ավելի ճիշտ է ասել՝ «հակագիտությունը»:
Հետևաբար, նաև այդ առումով եմ արժևորում այս համաժողովի առաքելությունը և տարիներ ի վեր ձեր ներդրած ջանքերը՝ ուղղված գիտական մակարդակում պատմական արդարության վերականգնմանը։ Բարձր ենք գնահատում, որ դեռևս 2007 թվականին ձեր ընկերակցությունը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը»,-ասված է նախագահի ելույթում։
Նախորդող հրապարակում՝
Սերժ Սարգսյան. Միջազգային պայքարը ցեղասպանության հանցագործության դեմ պետք է նոր թափ առնի
Հ. Դեմոյան. Ռազմամոլ առաջնորդների ագրեսիվ հռետորաբանությունը անուշադրության չպետք է մատնել
Հ. Դեմոյան. Ամեն օր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ունենում է թուրք այցելուներ
Պետք է ավելի արդյունավետ մեխանիզմներ, օրենսդրություն մշակվի ցեղասպանությունները կանխարգելելու համար. Դեմոյան