Հայ երաժիշտները մեծ հաջողությունների են հասել Ֆրանսիայում
Ֆրանսաբնակ մեցցո-սոպրանո Մարիամ Սարգսյանի և դաշնակահար Արթուր Ավանեսովի «Հեռավոր երիտասարդություն» ձայնասկավառակը Քնարական ձայնասկավառակների ֆրանսիական ակադեմիայի կողմից «Ոսկե օրփեոս» մրցանակին է արժանացել: Ակադեմիան այս տարի «Ոսկե օրփեոս» է շնորհել 31 ձայնասկավառակի: Այս մասին տեղեկանում ենք Cultural.am կայքից:
Կայքի հետ զրույցում Արթուր Ավանեսովը նշել է, որ Մարիամ Սարգսյանի ձայնասկավառակն այս մրցանակին արժանացել է «Երիտասարդ խոստումնալից կատարող» անվանակարգում:
«Հեռավոր երիտասարդություն» ձայնասկավառակում ընդգրկվել են Շապորինի և Սվիրիդովի ստեղծագործությունները, որոնք գրված են Ալեքսանդր Բլոկի տեքստերով: Երգերի մեծ մասը ձայնագրվել է առաջին անգամ:
«Ոսկե օրփեոսի» է արժանացել Ավանեսովի մեկ այլ աշխատանք ևս. ֆրանսիացի սոպրանո Ֆանի Կրուեի հետ համատեղ ձայնասկավառակը լավագույն նախագիծ է ճանաչվել: Ձայնասկավառակում ֆրանսիացի կոմպոզիտոր Լեո Դելիբի ստեղծագործություններն են: