Երվանդ Թարվերդյան. Եթե գյուղացու ձեռը փող չլինի, ինքը ոնց կարող է ձեռք բերել այլ արտադրանք
Գյուղատնտեսության նախարարության ամեն շաբաթ հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանից մրգի, պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն ավելացել են: Արտահանման ընթացքում հանդիպող խնդիրների, առկա հնարավորությունների, միտումների վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, Արտահանողների միության նախագահ, «Արարատ» սննդի կոմբինատի գլխավոր տնօրեն Երվանդ Թարվերդյանի հետ:
-Մրգի արտահանման ծավալներն ավելացել են: Ի՞նչ խնդիրների առաջ կարող են կանգնել վերամշակող ընկերությունները:
-Ծիրանի փորձը ցույց տվեց, որ այս տարի ավելի շատ արտահանվում է հենց պտուղը: Մթերումների համար ես դա խնդիր չեմ համարում: Վերամշակման համար պիտանի ծիրանի պակաս, կարծում եմ, չի լինի: Ընտիր բերքը նորմալ գնով արտահանվում է, միջին բերքը տեղական շուկայում է վաճառվում, իսկ մնացածը՝ մթերվում:
-Ի՞նչ դժվարություններ են ի հայտ գալիս արտահանման ընթացքում:
-Եվրասիական միություն մտնելով խնդիրների մեծ մասը վերացվեց, եթե առաջ Ռուսաստանի Դաշնության սահմանային կետերում ինչ-որ խնդիրներ, քաշքշուկներ էին լինում, հիմա շատ արագ ու հեշտ են մաքսային ընթացակարգերն ու ձևակերպումնեը կատարվում: Այսօր արդեն փոքր մեքենաներով մարդիկ իրենց այգու բերքը տանում են, անձամբ իրացնում են ռուսական շուկայում: Որպես քաղաքացի դա ինձ համար ուրախալի է, որ գյուղացին կարողանում է իր ունեցածը սպառել Ռուսաստանի անսահամանափակ շուկայում, բայց որպես վերամշակող՝ մթերման համար բերքի պակաս կարող է լինի: Բայց դա ուրախալի մտահոգություն է: Բիզնեսն այնպիսի բան է, որ հարկ եղած դեպքում Թուրքիայից էլ, Իրանից էլ այլ երկրից էլ կարելի է ներկրել վերամշակման համար: Եթե գյուղացին իր բերքը կարողանում է արտահանել, դա ուրախալի է: Գյուղատնտեսական արտադրանքն ամբողջությամբ սպառվում է: Օրինակ, Ռուսաստանում հայկական ծիրանի նկատմամբ մեծ պահանջարկ կա:
Վիճակագրության համաձայն էլ շատ վերամշակողներ իրենց արտադրանքի մեծ մասն արտահանում են: Աստված տա, մեր ամբողջ բերքը սպառվի, մեր գործարարը, մեր վերամշակողը թող դրսից բերի, էական նշանակություն չկա: Կարևորը, որը ամբողջ գյուղմթերքն իրացվի:
-Ամեն տարի բերքի սեզոնին Լարսի անցակետի հետ կապված խնդիրներ են առաջանում: Այս տարի էլ մի քանի օր խցանումներ էին:
-Նախորդ տարի, հիշո՞ւմ եք, փլուզումներ եղան: Թարմ արտադրանք արտահանողների համար դա տրագիկ բան էր: Հիմա շատ ուրախալի է, որ Ստեփանծմինդա-Լարս անցակետի աշխատանքային ռեժիմը երկարաձգվել է, կառավարությունը շատ օպարետիվ հարցը կարգավորվեց: Հերթեր չկան, գործարարները կամ անհատ անձինք, որոնք զուտ թարմ մրգի, բանջարեղենի արտահանմամբ են զբաղվում, շատ արագ կարողանում են անցնել: Միջազգային փորձն այսպիսին է, սովորաբար մաքսակետերն աշխատում են ամբողջ օրը: Ուղղակի պետք է հաշվի առնել, որ տարածքը, ճանապարհները բարդ են: Բայց պետք է հասնել նրան, որ Հայաստանի համար տնտեսական ու այլ առումներով մեծ նշանակություն ունեցող անցակետն աշխատի շուրջօրյա գրաֆիկով: Հայաստանը Վրաստանի հետ ունի չորս սահմանային անցակետեր, դրանք բոլորն էլ աշխատում են շուրջօրյա: Լարսը՝ Ռուսաստանը Վրաստանի հետ սահմանային անցակետերից մեկն է, աշխատում է սահմանափակ ժամերով: Իդեալական կլիներ, որ ամբողջ օրն աշխատեր: Սակայն եթե համեմատում ենք նախորդ տարիների հետ, մենք ունենք լավ արդյունք, որն այնքան էլ հեշտ ձեռքբերում չի, երկարաժամկետ բանակցությունների արդյունք է: Հիմա անցակետը գործում է 6.00-ից մինչև երեկոյան 21.00-ը՝ նախկինում գործող 6.00-ից մինչև 18.00-ի փոխարեն:
-Մրգի, բանջարեղենի արտահանման ծավալները նախորդ տարվա համեմատ զգալիորեն ավելացել են, ինչո՞վ եք պայմանավորում:
-Անցած տարի ծիրանի բերք չունեինք, անգամ շատ ընտանիքներ չկարողացան դրա համը տեսնել: Բնականաբար, շատ քիչ քանակությամբ արտահանվեց: Երկրորդ. շատ կարևոր նշանակություն ունի Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը, ինչից մեկ տարի առաջ մարդիկ դողում էին: Հիմա ընթացակարգերը շատ պարզ են, արագ ու մատչելի: Երրորդ. շատ կարևոր է, որ Հայաստանում մարդկանց մոտ առաջացել է բիզնես կուլտուրա: Չնայած փաստին, որ ռուսական շատ շուկաներ խստացվել են, Հայաստանից արտահանողներից շատերի մոտ ձևավորվում է բիզնես կուլտուրան, որ արդյունքում կարողանում են արտահանել գյուղատնտեսական արտադրանքն ու նաև մրցակցել մեր հարևանների հետ: Մեր արտահանողները կարողանում են աշխատել ոչ միայն Ռուսաստանի, այլև Ղազախստանի ու Բելառուսի հետ: Սա հնարավորություն կտա հետագայում զարգացնել գյուղատնտեսության այդ ճյուղը՝ պտղաբուծությունը:
-Մի խոսքով, ձեզ գոհացնո՞ւմ են միտումները:
-Էգոիստ թող չթվամ: Տնտեսական գլոբալ ճգնաժամի հետևանքներն ընդգծված երևում են թե Ռուսաստանում, թե Եվրամիությունում: Զուտ Հունաստանի օրինակը, հզոր գյուղատնտեսական երկիր է, որն ունի ամեն ինչ, տրանսպորտային ծառայություններ է իրականացնում, Միջերկրական ծով ունի, զարգացած հանքարդյունաբերություն, այդ երկրի նման երկիրն ապրում է տնտեսական ճգնաժամ: Մտավախություն կա, որ նույն բանը կարող է լինել Իսպանիայում, Պորտուգալիայում: Այս պայմաններում միայն ուրախալի է, որ Հայաստանից արտահանման ծավալներն ավելանում են, միայն ուրախալի է, որ գումարներ են գալիս, որ ժողովրդի վիճակը քիչ թե շատ լավանում է: Եթե գյուղացու ձեռը փող չլինի, ինքը ոնց կարող է ձեռք բերել այլ արտադրանք:
Արտահանման վերաբերյալ այլ հրապարակումներ՝
Միրգը շատ ընտանիքների համար ճոխություն է դարձել. Արտահանե՞լ, թե՞ ոչ
Հայաստանից արտահանվել է 40 053 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն