Կտակում խնդրել էր ուղղակի հիշել իրեն... Էլվինա Մակարյան (տեսանյութ, լուսանկարներ)
ԱՄՆ-ում ուղիղ ութ տարի առաջ այս օրը առավոտյան երգչուհի, երգահան Էլվինա Մակարյանին սեփական բնակարանում հայտնաբերել էին անշնչացած: Պաշտոնապես նրա մահվան պատճառը համարվեց սրտի կաթվածը։ Միայն մի քանի շաբաթ անց Գլենդելի ոստիկանությունը հայտարարեց, որ երգչուհին ինքնասպան է եղել և կյանքին վերջ է դրել ատրճանակի օգնությամբ։ Էլվինա Մակարյանը կտակել էր իրեն այրել ու մոխիրը հանձնել օվկիանոսին։ Կտակում նա խնդրել էր նաև հոգեհաց չկազմակերպել, չհավաքվել։ Ուղղակի հիշել իրեն՝ յուրաքանչյուրն ինքն իր համար: Նա ընդամենը 60 տարեկան էր:
Ծնվել է Երևանում 1947թ.: Բարձրագույն երաժշտական կրթությունը ստացել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայում: 14 տարեկան հասակում Էլվինա Մակարյանը որպես մեներգիչ հրավիրվել է հանդես գալու Ռոբերտ Ամիրխանյանի ջազային նվագախմբում:
Երկու տարի անց Հայաստանի պետական էստրադային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, լսելով աղջկա հզոր ձայնը, նրան հրավիրում է անսամբլ։ Օրբելյանի նվագախումբը դառնում է Էլվինայի թռիչքը երգարվեստում։ Սկսվում են արտասահմանյան շրջագայությունները։ Երգչուհին տիրապետում էր անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և իտալերեն լեզուներին, առնչվում էր համաշխարհային մշակույթի և օտարազգի երաժիշտների հետ։ Սիրահարված էր ամերիկյան ջազին։
1970-ականներից երգչուհին մասնակցում է միջազգային բազմաթիվ փառատոների, ելույթ ունենում աշխարհի տարբեր բեմերում և օտարազգիներին ևս մեծ հիացմունք պատճառում։ 1973 թվականին Օստանկինոյում կայացած «Երիտասարդ ձայներ» համամիութենական մրցույթում Էլվինան արժանանում է գլխավոր մրցանակի՝ Ռ. Ամիրխանյանի «Ու՞ր եք, տղաներ» երգի կատարման համար։
Խորհրդային տարիներին երգիչները պայքարում էին երգելու իրավունքի համար, իսկ Էլվինա Մակարյանը՝ երգելու ձևի, ոճի և թեմատիկայի համար։ 1980-ականներին Կոմկուսի Կենտկոմը փաստորեն «տնային կալանքի» է ենթարկում նրան՝ վճարելով աշխատավարձ՝ աշխատանքի չգնալու պայմանով։ Նույնիսկ այդ տարիներին՝ 1986-1989 թթ., նա չի դադարել ստեղծագործել։
Այդ ժամանակ ԱՄՆ-ից հրավեր է ստանում, տղայի հետ մի քանի շաբաթով զբոսաշրջության մեկնում։ Այդ օրերին ստորագրում են Հեռուստառադիոպետկոմից նրան ազատելու հրամանը։ Մայրը զանգահարում է և ասում, որ կարող է հետ գալու մասին չմտածել, մնալ ԱՄՆ-ում։ Երգչուհին հարկադրաբար հաստատվում է ԱՄՆ-ում։ Թողարկել է երեք ձայնասկավառակ, բացել է սեփական ստուդիան, նկարահանել տեսահոլովակներ, գրել երգեր։
1990-ականների սկզբներին վերադառնում է Հայաստան։ Նորանկախ հայրենիքում երգչուհին ունենում է մի քանի հիթեր: Մինչև 90-ականների վերջ Էլվինան մնում և ստեղծագործում է հայրենիքում, այնուհետև ընդմիշտ մեկնում է ԱՄՆ, որտեղ շարունակում է իր գործը սեփական ստուդիայում մինչև 2007 թվականը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա