Արամ Ա. Ներկայիս Թուրքիան պարտավորություն ունի 1915-ին կազմակերպված ցեղասպանության համար
Լիբանանի Քասլիք համալսարանում Ասորի Ուղղափառ և Ասորի Կաթոլիկ պատրիարքությունները կազմակերպել էին միջազգային համագումար՝ նվիրված Ասորիների ցեղասպանությանը: Համագումարի բացման նիստին ներկա էին տարբեր եկեղեցիների ներկայացուցիչներ և վեց հոգևոր առաջնորդներ, այդ թվում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը: Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի պաշտոնական կայքից:
Իր ելույթը Վեհափառ Հայրապետն ամփոփել է 5 կետերի մեջ.
ա) Այն, ինչ տեղի ունեցավ 1915-ին Օսմանյան կայսրության սահմաններում հայ, ասորի, հույն և այլ քրիստոնյա համայնքների դեմ, ցեղասպանություն էր բառի բուն իմաստով: Ցեղասպանություն էր իր մեթոդով և նպատակով, եթե նույնիսկ այդ ժամանակ ցեղասպանություն բառը միջազգային օրենքների բառարանում չկար: Պատմությունը հստակ ցույց է տալիս, որ Օսմանյան կայսրության ծրագրածը, կազմակերպածը և գործածը ցեղասպանություն էր:
բ) Միջազգային օրենքների համաձայն, երբ նույն երկրի մեջ և նույն ժողովրդի համար մի կառավարությունը հաջորդում է մյուսին, թեկուզ և գաղափարախոսական ու քաղաքական տարբեր օրակարգով և նպատակով, նորը հետևում է նախկինին: Իրավաքաղաքական այս հստակ սկզբունքից ելնելով՝ ներկայիս Թուրքիայի հանրապետությունը Օսմանյան կայսրության հաջորդողն է, և հետևաբար, ժառանգում է 1915-ի կառավարության իրավունքներն ու պարտավորությունները: Սա նշանակում է, որ ներկայիս Թուրքիան պարտավորություն ունի 1915-ին կազմակերպված ցեղասպանության համար:
գ) Դարձյալ միջազգային օրենքների համաձայն՝ ցեղասպանությունը ոճիր է մարդկության դեմ: Հետևաբար, ցեղասպանությունն ու ցեղասպանը պետք է միջազգայինորեն դատապարտվեն: Ցեղասպանության դատապարտումը նշանակում է ցեղասպանության ճանաչում, և ճանաչումը հատուցում է ենթադրում:
դ) Թե՛ հայերը, և թե՛ ասորիները աշխարհի տարբեր անկյուններում շարունակում են նշել ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մենք մեր նահատակներին հիշեցինք և նրանց կտակին մեր հավատարմությունը վերահաստատեցինք: Սակայն չպետք է մոռանանք, որ մենք պահանջատեր ենք: Չպետք է մոռանանք, որ Թուրքիայում հազարավոր հայկական, ասորական, հունական վանքեր, եկեղեցիներ և եկեղեցապատկան կալվածքներ կան, որոնց մի մասը քանդված է, մյուսը՝ բռնագրավված պետության կողմից: Մենք պահանջում ենք դրանց վերադարձը իրենց իրավատերերին:
ե) Մեր պահանջատիրությունը իրավաքաղաքական է և ոչ կրոնական: Դարեր շարունակ Միջին Արևելքում քրիստոնյաները և մուսուլմանները խաղաղ ու ներդաշնակ են ապրել: Նույն մոտեցումով և հանձնառությամբ պետք է շարունակենք մեր գոյակցությունը: Այսօր, այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում և Իրաքում քրիստոնյաների ու փոքրամասնությունների նկատմամբ, ցեղասպանություն է: Ցեղասպանությունը պետք է դատապարտվի բոլոր կրոնների և ազգերի կողմից, որպեսզի չկրկնվեն:
Նախորդող հրապարակումներ՝
Կիլիկիո կաթողիկոսարանը Սիսի նստավայրը վերադարձնելու պահանջով հայց է ներկայացնում Թուրքիայի ՍԴ
Արամ Առաջին. Մեր նպատակն է Սիսի կաթողիկոսարանում կրոնական արարողություն կատարել
Արամ Ա-ի հարցազրույցը New York Times-ին. Սիսի կաթողիկոսարանի պահանջը առաջին իրավական քայլն է
Արամ Ա-ն հետևում է Թուրքիայի դատարանում կաթողիկոսարանի վերադարձի հարցով բացված դատին
«Հայ ժողովրդի դեմ կատարվածը ցեղասպանություն է իր նպատակով և իր մեթոդներով». Արամ Առաջին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան