Մեկ տարում սպառողական գներն աճել են 5,5 տոկոսով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության ու միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով 2015թ առաջին կիսամյակի գնաճային միտումները, նշեց, հունվարին արձանագրված 2,5 տոկոս գնաճին հաջորդել են գնանկումները. ապրիլից սկսած՝ գնանկումը զգալի է եղել:
«Ապրիլին գրանցվել է 0,4 տոկոս գնանկում, մայիսին՝ 0,5 տոկոս, իսկ հունիսին՝ 1,4 տոկոս: Եթե սա համեմատենք նախորդ տարվա հունիսին սպառողական գների ընդհանուր մակարդակի հետ, ապա կարող ենք ասել, որ այդ մակարդակը նույնն է»,- ասաց Գ.Մարտիրոսյանը:
Նրա խոսքերով՝ 2015 թվականի հունիսին, մայիսի համեմատ, 1,4 տոկոս ընդհանուր գնանկման պարագայում պարենային ապրանքների գները նվազել են 3 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գները՝ 0,6 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտում արձանագրվել է 0,1 տոկոս աճ: Ըստ նրա՝ պարենամթերքներից 13 ապրանքախմբերից 7-ում արձանագրվել է գնանկում 0,1-30,9 տոկոս: «Ամենաբարձր գնանկումն արձանագրվել է բանջարեղենի ապրանքային խմբում՝ 30,9 տոկոսով: Մնացած 6 ապրանքային խմբերում արձանագրվել է գնաճ 0,1-13,3 տոկոսով: Վերջին մեկ ամսում ամենաբարձր գնաճը եղել է մրգի ապրանքային խմբում՝ 13,3 տոկոսով»,- ասաց Գ.Մարտիրոսյանը:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է կաթնամթերքի գնանկում՝ 1,7 տոկոսով, ձկնամթերքի գծով՝ 1,4 տոկոսով: Հացամթերքի և մսամթերքի գծով արձանագրվել է 0,1 տոկոս գնանկում, շաքարավազի գծով՝ 0,5 տոկոս:
Հատկանշական է, որ բանջարեղեն ու կարտոֆիլ ապրանքային խմբում շուրջ երեք անգամ նվազել է լոլիկի գինը, 2,5 անգամ՝ կանաչ պղպեղինը:
Այդուհանդերձ, ըստ վիճակագրության, 2015թ հունիսին 2014թ հունիսի նկատմամբ ՀՀ-ում սպառողական գներմ աճել են 5,5 տոկոսով, այդ թվում՝ պարենային ապրանքների գները՝ 5,5 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը ՝7 տոկոսով, ծառայություններինը՝ 4,1 տոկոսով:
Գնանկում է արձանագրվել կաթնամթերքի գծով՝ 1,7 տոկոսով, ձկնամթերքի գծով՝ 14 տոկոսով: Հացամթերքի և մսամթերքի գծով արձանագրվել է 0,1 տոկոս գնանկում, շաքարավազի գծով՝ 0,5 տոկոս:
Հ.Մարտիրոսյանը նշեց նաև, որ, եթե Հայաստանում այս տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում 2014թ դեկտեմբերի համեմատ սպառողական շուկայում 1,4 տոկոս գնաճ են արձանագրել, ապա նույն ժամանակահատվածում Ուկրաինայում արձանագրվել է 40,1 % գնաճ, Ռուսաստանում՝ 8,3 տոկոս, Բելառուսում՝ 6,5 տոկոս, Վրաստանում՝ 2,4 տոկոս: Գնաճի ամենացածր մակարդակը գրանցվել է Ղըրղզստանում՝ 1,2 տոկոս գնաճ: Ի տարբերություն ԵՏՄ անդամ երկրների, ԵՄ անդամ 27 երկրներում հինգ ամսվա կտրվածքով գնաճը բավականին ցածր է եղել 0,6 տոկոս: