Տավուշում գործում է Orange-ի նորարար տեխնոլոգիաներով հագեցած ակնային տարածաշրջանային կենտրոնը
Orange-ի ներկայացուցիչների մասնակցությամբ Տավուշի մարզում տեղի է ունեցել Հայկական ակնաբուժության նախագծի ակնային տարածաշրջանային կենտրոնի բացումը:
Կենտրոնում ներկայումս արդեն գործում է ակնային զննումների սենյակ, որը շուտով կհամալրվի նորագույն տեխնոլոգիաներով զինված վիրահատությունների սենյակով։ Այս մեծածավալ նախագիծն իրականություն է դարձել Հայկական ակնաբուժության նախագծի, ՀՀ առողջապահության նախարարության, Տավուշի մարզպետարանի, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի և գլխավոր հովանավոր՝ Բոյաջյան ընտանիքի շնորհիվ: Այս մասին հայտնում են Օրանժ Արմենիայի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Օրանժ Արմենիան կենտրոնին տրամադրել է որակյալ տեղական և միջազգային տեսակապ ապահովող տեխնիկական լուծում, որը հնարավորություն է տալիս Կենտրոնում իրականացվող վիրահատություններն անցկացնել ՀՀ և միջազգային փորձառու մասնագետների վերահսկողությամբ՝ Իջևանի կենտրոնից իրական ժամանակում տեսակապ հաստատելով Երևանի հետ։
«Նորարարությունը մշտապես կարևոր տեղ է զբաղեցրել մեր ռազմավարությունում: Շուկա մուտք գործելու պահից Orange-ը առավելագույն ջանքերն է գործադրել ՀՀ տարբեր ոլորտներում, այդ թվում առողջապահության, և կրթության, ժամանակակից տեխնոլոգիաներ ու նորարարական լուծումներ ներդնելու ուղղությամբ: Այսօր ուրախ ենք մեր գործընկերների հետ միասին մասնակցել ՀԱՆ-ի` երկար սպասված ակնային տարածաշրջանային կենտրոնի բացմանը, և հպարտ ենք տեղական ու միջազգային որակյալ կապ ապահովող մեր նորարար տեխնիկական լուծման շնորհիվ նպաստել այս տարածաշրջանում որակյալ ակնաբուժական ծառայությունները բնակչությանն ավելի հասանելի դարձնելու կարևոր գործին», - ասել է Օրանժ Արմենիայի գործադիր խորհրդի անդամ Արսեն Հովհաննիսյանը:
Orange Հիմնադրամը Հայկական Ակնաբուժական Նախագծի հետ համագործակցում է 2011թ.-ից: Այս ընթացքում «Լույս հայի աչքերին» նախագծի շրջանակնեում հայկական մարզերում որակյալ անվճար ծառայություններից օգտվել է ավելի քան 68000 բնակիչ, իսկ Աչքի շարժական հիվանդանոցում իրականացվել է շուրջ 6000 վիրահատություն և լազերային բուժում:
«Ծրագրի նպատակն է խթանել ակնաբուժական ծառայությունների հասանելիությունը ՀՀ մարզերում բնակչության բոլոր շերտերի համար՝ հիմնելով երկրորդական մակարդակի ակնաբուժական կենտրոններ Հայաստանի հինգ մարզերում և ապահովելով դրանց շարունակական աշխատանքը: Այս կենտրոնները կգան փոխարինելու Աչքի շարժական հիվանդանոցին (ԱՇՀ)՝ բարեգործական հիմունքներով անվճար բուժմանը զուգահեռ տրամադրելով նաև վճարովի ծառայություններ վճարունակ բնակիչներին: Վերջինս կօգնի կենտրոններին շարունակել անվճար սպասարկել սոցիալապես անապահով մարդկանց՝ միաժամանակ ապահովելով ինքնաֆինանսավորումը», - ասել է ՀԱՆ-ի հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանեսյանը:
Հայկական ակնաբուժության նախագծի ակնային տարածաշրջանային կենտրոնի բացմանը մասնակցել են ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ԱՄՆ-ից ժամանած ակնաբուժական ոլորտի անվանի փորձագետներ, ինչպես նաև այլ հարգարժան հյուրեր:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում