Մ. Սարյանի տուն-թանգարանի հիմնանորոգման երկրորդ փուլը ֆինանսավորվել է. Տնօրեն
Մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի վերանորոգման աշխատանքների երկրորդ փուլի համար անհրաժեշտ գումարն արդեն կա, սեպտեմբերից կսկսվեն շինարարական աշխատանքները: Panorama.am-ի հետ զրույցում ասաց Մ. Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը:
«Տուն-թանգարանի վերանորոգման և շինարարության երկրորդ փուլը ֆինանսավորվել է: Այժմ նախապես հաստատված նախագծում որոշակի փոփոխություններ են կատարվում, որն ավարտելուց հետո կհայտարարվի շինարարարական ընկերության մրցույթ: Երևի սեպտեմբերից կսկսվի Սարյանի ապրած տան մասի վերանորոգումը, իսկ երկրորդ հարկի պատշգամբի վերածվելու է գրադարան-արխիվի, որտեղ գիտնականները կարող են աշխատել»,- մանրամասնեց նա:
Ըստ տուն-թանգարանի տնօրենի, նորացված նախագծից հանվում է տեխնիկական նկուղը, քանի որ բավական աշխատատար և թանկ հաճույք է. «Չի արվելու, բայց դրա փոխարեն, ինչպես նշեց, երկրորդ հարկի փակ պատշգամբը վերածվելու է գրադարան-արխիվի: Իսկ այդ մասում նախատեսված սրճարանը կկառուցվի բնակելի մասի առաջին հարկում՝ խոհանոցի հատվածում»:
Ռ. Սարյանն ասաց, որ չի կարող ասել, թե վերջնական երբ կավարտվեն բոլոր աշխատանքները, որպեսզի թանգարանը վերաբացվի:
Ավելի վաղ մեզ հետ զրույցում Ռ. Սարյանն ասել էր, որ թանգարանային մասն ամբողջությամբ հիմնանորոգվել է, սակայն չի վերաբացվում, քանի դեռ չի վերանորոգվել Սարյանի ապրած տան հատվածը:
Հիշեցնենք, որ 2013 թ. մայիսի 1-ից Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը չի գործում. մշակութային օջախը հիմնանորոգվում է: Մ. Սարյան տուն-թանգարանի ամբողջ հավաքածուն, թանգարանի շենքի հիմնարար վերանորոգման աշխատանքների հետ կապված, հանձնված է Մատենադարանին ի պահպանություն:
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը ստեղծվել է Երևանում Հայաստանի կառավարության հատուկ որոշմամբ, բացվել է 1967թ. նոյեմբերի 26-ին՝ նկարչի կենդանության օրոք: Թանգարանի շենքը բաղկացած է երկհարկանի առանձնատնից, ուր նկարիչն ապրել և ստեղծագործել է 1932-1972թթ., և եռահարկ պատկերասրահից, որը կառուցվել է այդ տանը կից 1967 թվականին: Մ. Սարյանի տան հատակագծի հեղինակն է Երևան քաղաքի մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Թանգարանային հատվածը կառուցվել է Մարկ Գրիգորյանի նախագծով: Դեպի փողոց դուրս եկող ճակատամասի վերին հատվածի խճանկարը, Մ. Սարյանի էսքիզով, կատարել է հայտնի նկարիչ Գագիկ Սմբատյանը:
Նախորդող հրապարակումներ՝
Սարյանի տուն-թանգարանը կվերաբացվի՝ «հարիր նկարչի թե անվանը, թե արվեստին»
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի վերաբացման ժամկետը հայտնի չէ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին