Իրանի նախագահ Հասան Ռոհանին մեկնել է Ռուսաստան
«Իրանի նախագահ Հասան Ռոհանին Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) և ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների ղեկավարների նիստին մասնակցելու նպատակով մեկնել է Ռուսաստան»,-այդ մասին հաղորդում է ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքը:
Համաձայն հաղորդագրության՝ նախատեսվում է, որ ԻԻՀ նախագահը ելույթ կունենա ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների (Բրազիլիա, ՌԴ, Հնդկաստան, Չինաստան, Հարավ Աֆրիկյան Հանրապետություն) ղեկավարների նիստին:
Իրանի նախագահը ՌԴ մեկնելուց առաջ օդանավակայանում լրագրողներին տված հարցազրույցում, անվտանգության և քաղաքական առումով կարևորելով ՇՀԿ-ի և ԲՐԻԿՍ-ի գործունեությունը, նշել է, որ Իրանը ցանկություն ունի վերոնշյալ կազմակերպությունների հետ ընդլայնել համագործակցությունը:
Իրանում ՌԴ հայազգի դեսպան Լևոն Ճաղարյանը, իր հարցազրույցներից մեկում վերջերս, անդրադառնալով Իրանի՝ Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ դառնալու հավանականությանը, մասնավորապես նշել էր. «Ռուսաստանը ջանքեր է գործադրում, որպեսզի Իրանը լիիրավ անդամ դառնա, սակայն միայն Մոսկվայի ցանկությամբ հնարավոր չէ, կազմակերպության մյուս անդամները ևս պետք է այդ հարցում դրական դիրքորոշում ունենան»:
Շանհայի համագործակցության կազմակերպությունը հիմնվել 2001թ-ին: Կազմակերպության անդամները 6-ն են՝ Ռուսաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը և Տաջիստանը: Ւրանը, Աֆղանստանը, Մոնղոլիան, Հնդկաստանը և Պակիստանն այդ կազմակերպությունում ունեն դիտորդի կարգավիճակ: