Բեռլուսկոնին դատապարտվել է երեք տարվա ազատազրկման
Նեապոլի դատարանը Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին մեղավոր է ճանաչել 2006 թվականին սենատորին կաշառելու մեջ: Նրան դատապարտել են երեք տարվա ազատազրկման: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով Reuters-ին:
Բացի այդ, դատարանի որոշմամբ, 78-ամյա Բեռլուսկոնիին արգելվել է հինգ տարվա ընթացքում պետական պաշտոններ զբաղեցնել: Եվս մեկ մեղադրյալ՝ նախկին վարչապետի օգնական Վալտեր Լավիտոլան դատապարտվել է երեք տարվա ազատազրման:
Դատախազները, ըստ Ռիա նովոստիի, խնդրել են Բեռլուսկոնիին դատապարտել հինգ տարվա ազատազրկման, սակայն Reuters-ի հաղորդմամբ, նախկին վարչապետն, ամենայն հավանականությամբ, կխուսափի բանտից, եթե բողոքարկի դատավճիռը, և դրանով կհետաձգի պատժի իրագործումը: Ընդ որում, այս գործի վաղեմության ժամկետը լրանում է աշնանը, որից հետո այն կուղարկվի արխիվ:
Մեղադրանքի համաձայն, 2006 թվականին Բեռլուսկոնին սենատոր Սերջիո դե Գրիգորիոյին երեք միլիոն եվրո է վճարել, որպեսզի նա մտնի իր կոալիցիան: Համարվում է, որ այդ քայլը կանխորոշել է 2008-ին Ռոմանո Պրոդիի կառավարության հրաժարականը և հետագայում Բեռլուսկոնիի իշխանության գալը:
Վերջին 20 տարվա ընթացքում Բեռլուսկոնիի դեմ հարուցվել է մոտ 80 գործ, իրականացվել է 2,5 հազար դատալսում: Քաղաքական գործչին մեղադրել են կոռուպցիայի, մաֆիայի հետ կապերի, սեքսուալ սկանդալներին առնչության մեջ: Գործնականում բոլոր մեղադրանքները հանվել են վաղեմության ժամկետով, կամ էլ Բեռլուսկոնին հաղթել է բողոքարկման միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան