Ճապոնիայում հնարավոր է կազմակերպվի հայկական գյուղմթերքի ցուցահանդես
Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան բացումը կնպաստի երկու երկրների համագործակցության ընդլայնմանը, այդ թվում նաև` գյուղատնտեսության ոլորտում: ՀՀ-ում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Ճապոնիայի կառավարությունը մեծապես աջակցել է Հայաստանին անկախացումից հետո, հատկապես գյուղատնտեսության բնագավառի զարգացման ուղղությամբ և համոզված եմ, որ Ձեր նշանակմամբ մեր երկու երկրների միջև հարաբերություններն ավելի կամրապնդվեն ու կզարգանան»,-նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
Բարձր գնահատելով հատկապես Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից Հայաստանում իրականացվող աշխատանքները, որոնց շրջանակում տրամադրվել է անհատույց դրամաշնորհ տեխնիկական միջոցների, սարքավորումների և ծառայությունների ձեռքբերման համար, նախարարն ընդգծել է, որ այդ գործակալությունն իր գործունեությամբ մեծապես նպաստում է մեր երկրում ագրարային ոլորտի առաջընթացին: Բացի այդ, նախարարը կարևորել է նաև JICA-ի կողմից կազմակերպվող տարբեր մասնագիտությունների գծով դասընթացները, որոնց մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի և համակարգի մի շարք մասնագետներ:
Դեսպան Էյջի Տագուչին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, համոզմունք է հայտնել, որ գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի ու Ճապոնիայի միջև առկա է մեծ ներուժ, և անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այն լավագույնս օգտագործելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև JICA-ի կողմից կատարվող ուսումնասիրություններն ու նախապատրաստական աշխատանքները Եղվարդի ոռոգման համակարգի բարելավման ծրագրի իրականացման ուղղությամբ, որի համար Ճապոնիայի կառավարությունը տրամադրելու է վարկային միջոցներ: Ծրագրով նախատեսվում է Եղվարդի ջրամբարի վերականգնումը և այդ տարածաշրջանում ոռոգման համակարգերի արդիականացումը:
Վստահություն հայտնելով, որ Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքը, մասնավորապես, հայկական գինին, կոնյակը, թարմ պտուղ-բանջարեղենը, ձկնամթերքն ու չրերը կարող են մեծ հետաքրքրություն ներկայացնել ու պահանջարկ ունենալ ճապոնական շուկայում` նախարար Սերգո Կարապետյանն առաջարկել է Ճապոնիայում կազմակերպել հայկական գյուղմթերքի ցուցահանդես: Ի պատասխան հնչեցված առաջարկի` դեսպան Էյջի Տագուչին պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել առաջիկայում նման ցուցահանդեսի կազմակերպման հնարավորությունը:
Հանդիպման ավարտին զրուցակիցները վերահաստատել են կատարել անհրաժեշտ քայլեր հայ-ճապոնական երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները