Բակո Սահակյանը Մեծ Բրիտանիայում է
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նախօրեին այցելել է Մեծ Բրիտանիայի խորհրդարան և այնտեղ հանդես եկել ելույթով:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, իր ելույթում Նախագահն անդրադարձել է Արցախի պետականաշինությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և պատասխանել բարձրացված հարցերին:
Նախագահն ընդգծել է, որ Արցախում Միացյալ Թագավորության հանդեպ տածում են հատուկ վերաբերմունք՝ Մեծ Բրիտանիան դիտարկելով որպես միջազգային քաղաքականության ազդեցիկ տերություն, որը նաև հանդիսանում է ժողովրդավարության ու եվրոպական քաղաքակրթության բնօրրաններից մեկը:
Բակո Սահակյանի բնութագրմամբ՝ Արցախը շահագրգռված է խորհրդարանական կապերի խորացման, գիտակրթական և մարդասիրական ոլորտներում Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների զարգացման մեջ: Երկրի ղեկավարի խոսքով՝ նման լավատեսությունն առաջին հերթին պայմանավորված է Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Արցախի և հայ ժողովրդի անկեղծ ու հավատարիմ բարեկամների առկայությամբ:
Հանդիպմանը ներկա էին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք: