Քաղաքացիական գործընթացն ավարտվեց, կիսատ-պռատ բոլորը շահեցին. Տիգրան Քոչարյան
«Չէի ասի, շարժումը վերջացել է, սակայն այն գնում է մարման. դրա վրա իրենց ազդեցությունն ունեն և եղանակային պայմանները, և արձակուրդները»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը:
Տեղեկատվական դաշտում շարժման զարգացումներն ու դրսևորումները փորձագետը բաժանեց արտաքինի և ներքինի. «Ներքին դաշտում գիտենք արդեն, թե որ լրատվամիջոցը ինչպես է լուսաբանում: Ներքինից միայն կառանձնացնեմ այն, որ ոչ մի լրատվամիջոց «Ոչ թալանին» նախաձեռնությանը չվատաբանեց, առաջին անգամն էր մեզ մոտ, երբ բոլորը դրական էին տրամադրված: Արտաքին դաշտում ավելի բարդ էր, քանի որ ամենուր կային մայդան որոնողներ: Նրանք հատուկ եկել էին մայդան լուսաբանելու: Սակայն հասկացան, որ եթե այդպես շարունակեն, հենց օդանավակայանից, իրենց հետ կուղարկեն»:
Ըստ Տիգրան Քոչարյանի, Ռուսաստանում կա խմբավորում, որը որտեղ երեք մարդ է տեսնում հավաքված ներկայացնում է որպես մայդան. «Սակայն կային մարդիկ, անկախ փորձագետներ, ովքեր կարողացան ջարդել այդ տեղեկատվական հոսքի սառույցը և օբյեկտիվ լուսաբանել»:
Փորձագետի կարծիքով, բուն քաղաքացիական գործընթացն ավարտվեց, նստացույցն էլ է դադարեցվել, կիսատ-պռատ բոլորը շահեցին, մինչև աուդիտի ավարտը մարդկանց գրպանից գումարը չի գնում:
Դիտարկմանը, թե կարող է արդյոք շարժումը նորից ոտքի կանգնի, ասաց. «Դա կախված է նրանից, թե ինչքանով թափանցիկ կլինի աուդիտը, սակագինը ինչպիսի փոփոխությունների կենթարկվի»: