Եգիպտական իշխանությունները մշտապես առավելագույն ուշադրություն են կենտրոնացրել զբոսաշրջային շրջանների անվտանգության վրա. արաբագետ
«Եգիպտոսի Հյուսիսային Սինայ նահանգը, մասնավորապես դրա հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջանները մշտապես գլխացավանք են եղել այդ երկրի բոլոր իշխանությունների համար: Այդ տարածքներում պարբերաբար սպառնալիք են ստեղծել նախ բեդվինական ցեղերը, շրջանին սահմանակից Գազայի հատվածից այստեղ ներթափանցող տարաբնույթ, նաև իսլամական արմատական տարրերն՝ իրենց բազմաբևեռ գործողություններով, իսկ ներկայում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ճյուղավորումը հանդիսացող «Սինայի վիլայեթ» խմբավորումը»,-այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ մեկնաբանելով վերջին մի քանի օրերին Եգիպտոսում սրված իրավիճակի պատճառները և դրա հնարավոր հետևանքները նաև եգիպտական հանգստի գոտիների համար:
Փորձագետի կարծիքով, 2010-11 թթ. «արաբական գարնան» հետևանքով Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում արձանագրված իրողությունները և հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում ծայրաստիճան ակտիվացած ԻՊ-ի գործոնը թույլ է տալիս կանխատեսել, որ եթե առկա ծայրահեղական միտումներին համարժեք պատասխան չտրվի, ապա մի քանի տարի անց արդեն նշածս տարածաշրջաններում որևէ անվտանգ երկիր չի մնա: Իսկ առհասարակ, ըստ Պետրոսյանի, մահմեդական երկրներում ծայրահեղ արմատական տարրերի ակտիվացման համար շատ հաճախ նաև պատճառ են հանդիսաանում որոշ հանգուցային ամսաթվերն ու, իրադարձությունները:
«Եգիպտոսում արձանագրված վերջին սրացումները՝ մասնավորապես երկրի գլխավոր դատախազ Հիշամ Բարիքաթի դեմ հունիսի 29-ին կազմակերպված ահաբեկչական հարձակումը կարելի է պայմանավորել անցյալ ամսվա ընթացքում եգիպտական դատարանի կողմից երկրի պաշտոնանկ արված նախագահ Մուհամմադ Մուրսիին և նրա համախոհներից մի քանիսին մահապատժի ենթարկելու դատավճռի ընդունմամբ, իսկ ռազմական իրավիճակի թեժացումը՝ 2013 թ. այս օրերին Եգիպտոսում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման հերթական տարելիցի հանգամանքով, որի հետևանքով 2011թ. փաստացի իշխանության եկած «Մուսուլման եղբայրներ» իսլամական արմատական կազմակերպությունը հեռացվեց իշխանությունից, իսկ նրա անդամների հանդեպ հետևողական հետապնդումներ սկսվեցին», -պարզաբանեց նա:
Խոսելով Սինայի թերակղզու հյուսիսում ստեղծված իրավիճակի մասին՝ արաբագետը նշեց. «Այս շրջանում հատկապես վերջին ժամանակահատվածում բավականաչափ ակտիվացել է ամիսներ առաջ ԻՊ-ին հավատարմության երդում տված «Անսար Բեյթ ալ Մակդիս» իսլամական ծայրահեղ արմատական խմբավորումը, որը ներկայում անվանակոչվել է ԻՊ-ի «Սինայի վիլայեթ»: Այս խմբավորումը, ձգտելով գրավել Սինայի հյուսիսում գտնվող Շայիխ Զուվայդ քաղաքը, ցանկանում էր հայտարարել այն իր վերահսկողության ներքո գտնվող շրջանների վարչական կենտրոնը: Իսկ առհասարակ, կառույցը ձգտում է ամրացնել իր դիրքերը Գազայի հատվածին և Իսրայելին սահմանամերձ եգիպտական շրջաններում՝ մշտապես սպառնալիքի տակ պահելով մի կողմից Հրեական պետության որոշ սահմանակից շրջանները, մյուս կողմից՝ ճնշում գործադրել Գազայում իշխող «Համաս» խմբավորման վրա, ինչպես նաև՝ պարբերաբար ակտիվություն ցուցաբերելով՝ նոր գլխացավանքներ ստեղծել եգիպտական իշխանությունների համար»:
Մեկնաբանելով Եգիպտոսի զբոսաշրջային շրջաններում իրավիճակի սրացման հնարավորություններն, արաբագետը նկատեց. «Հարցի տարողությունը հասկանալու համար այն պետք է դիտարկել առնվազն 2 հարթությյունից: Նախ, աշխարհագրական՝ Կարմիր ծովի ափին գտնվող Եգիպտոսի հայտնի հանգստավայրերի հեռավորությունը ներկա ռազմական գործողությունների թատերաբեմից շուրջ 450-700 կմ է: Դրան հավելած՝ եգիպտական իշխանություններին, կարծես, արդենիսկ հաջողվել է վերահսկելի դարձնել իրավիճակը Սինայի հյուսիսում: Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ զբոսաշջությունը մշտապես եղել և այսօր էլ հանդիսանում է Եգիպտոսի տնտեսության ամենաառանցքային ճյուղերից մեկն, ինչի պատճառով, եգիպտական իշխանություններին տարբեր հարթություններում պատերազմ հայտարարած ծայրահեղ արմատական կառույցները օգտագործում են նաև քարոզչական և հոգեբանական գործոնները՝ իբր նախապատրաստվող ահաբեկչական հարձակումների մասին պարբերաբար հայտարարարություններ տարածելով և դրանով իսկ լայնամասշտաբ խուճապային տրամադրություններ ստեղծելով Եգիպտոս այցելել պատրաստվող հարյուր հազարավոր զբոսաշրջիկների շրջանում»:
«Նույն այդ տրամաբանությամբ էլ տարբեր ժամանակահատվածներում, անկախ երկրում առկա ներքաղաքական բազմաբնույթ խնդիրներից, եգիպտական իշխանությունների կողմից զբոսաշրջային շրջանների անվտանգությունն ապահովվել է ամենաբարձր մակարդակով: Այդ մասին է խոսում անգամ այն վիճակագրական իրողությունը, որ վերջին 5 տարիների ընթացքում՝ այսինքն՝ «եգիպտական գարնանը» հաջորդած ողջ ժամանակահատվածում, երկրի հաղթահարած տարաբնույթ փորձություններին զուգահեռ, որևէ արտասահմանցի զբոսաշրջիկ չի տուժել»,- եզրափակեց Ա. Պետրոսյանը: