Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով միջնորդել են առերեսումներ կատարել
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով ԱԱԾ քննչական մարմինը չի շտապում պատասխանել նույն գործով մեղադրյալ Գարեն Աթաջանյանի պաշտպանի միջնորդությանը` պաշտպանական միջոցներ կիրառել Աթաջանյանի հարազատների համար:
Հիշեցնենք` Աթաջանյանի որդու` Մհեր Աթաջանյանին պատկանող մթերային խանութի վրա հարձակվել էր Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդ Նիկողոսյանը և կոտրել խանութի դուռն ու լուսամուտը: Այդ ամենը նկատի ունենալով, Աթաջանյանի պաշտպանը դիմել էր նախաքննական մարմնին պաշտպանության միջոցներ կիրառել իր պաշտպանյալի հարազատների համար:
«Մեր միջնորդությանը, քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, պետք է պատասխանեին 24 ժամվա ընթացքում, բայց անցել է շուրջ երեք օր ոչ մի արձագանք չկա»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աթաջանյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
Պաշտպանը, տեսնելով, որ ԱԱԾ քննչական մարմինը չի պատասխանում, դիմել են ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետին` «գոնե իրենք միջոցներ ձեռնարկեն»:
«Առայժմ կխուսափեմ որակել անփութություն կամ դիտավորություն, ամեն դեպքում սպասենք, տեսնենք` ինչ կպատասխանեն», -հավելեց պաշտպանը:
Ինչ վերաբերում է առաջադրված մեղադրանքին, ապա Հովհաննիսյանի խոսքով, իր պաշտպանյալը շարունակում է չընդունել մեղադրանքը, բացի այդ բողոքարկել են կալանքի մասին որոշումը և մի քանի միջնորդություններ են ուղարկվել քրեական հետապնդում իրականացնող մարմնին:
«Քննությունը կատարվում է կոպիտ խախտումներով, թերություններով, բացի այդ, բողոքներ են ուղարկվել Գլխավոր դատախազություն և պլանավորում ենք մի շարք այլ միջնորդություններ ու գործողություններ»,-տեղեկացրեց Հովհաննիսյանը:
Մասնավորապես, պաշտպանական կողմը միջնորդել է առերեսումներ իրականացնել:
«Միջնորդել ենք, որ կատարեն առերեսումներ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկա պահին քրեական գործում որևէ ապացույց չկա այն մասին, որ Աթաջանյանը առնչություն ունի այդ դեպքին: Մենք միջնորդել ենք, որ եթե կան անձինք, ովքեր ցուցմունքներ են տվել բերեն առերեսման, բայց պատասխան դեռևս չկա»,-ներկայացրեց պաշտպանը:
Մեր հարցին, թե Սուրիկ Խաչատրյանի հետ առերեսում կատարելու միջնորդություն ներկայացրե՞լ են, փաստաբանը պատասխանեց, որ իրենք անձի անուն չեն նշել, այլ միայն նշել են, որ եթե կան անձինք, ովքեր ցուցմունքներ են տալիս, թող բերեն առերեսման:
Ըստ որոշ տեղեկությունների, այս գործով կասկածյալների ձերբակալությունը, այնուհետև մեղադրանքի առաջադրումն ու կալանավորումը կատարվել է հեռախոսային գաղտնալսված խոսակցությունների հիման վրա: Մեր այս դիտարկմանն ի պատասխան Հովհաննիսյանը արձագանքեց. «Պաշտպանական կողմին ներկայացվել են որոշակի գաղտնալսումներ, ոչ ամբողջությամբ, սակայն ներկայացված գաղտնալսումներում, այնպես էլ մյուս ապացույցներում որևէ հիմքեր ու հիմնավորումներ չկան, որոնք կհաստատեն ոչ միայն մասնակցությունը, այլև Աթաջանյանի առնչությունը դեպքին»:
Հարակից հրապարակումներ`
«Թողեք հանգիստ ապրեմ էլի». Սյունիքի մարզպետի օգնականը բերման է ենթարկվել
«Լիսկայի» օգնականը կոտրել է մահափորձի գործով մեղադրյալի որդու խանութի ապակիներն ու դռները
Արա Բուդաղյանի նկատմամբ պատրաստվում են մեղադրանք առաջադրել. Ալումյան
Կազմվել է Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ կատարած անձի ֆոտոռոբոտը
Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձի գործով ձերբակալվել է Արա Բուդաղյանը և ևս 3 անձ. ԱԱԾ
«Բացարձակ կամայականություն էր». Փաստաբանը բողոքարկելու է Բուդաղյանին կալանավորելու մասին որոշումը
«Լիսկայի» դեմ մահափորձի գործով փաստաբանը միջնորդում է պաշտպանության միջոց տրամադրել Ավագյանի ընտանիքին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան