Գեղարդում և Գառնիում կանցկացվի «Վարդավառ» միջազգային փառատոնը
Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) նախաձեռնությամբ հուլիսի 12-ին կանցկացվի «Վարդավառ միջազգային փառատոնը»: Լինելով կրթական, մշակութային միջոցառում՝ փառատոնն անց է կացվելու Գեղարդում և Գառնիում:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ, փառատոնի ղեկավար Ատոմ Մխիթարյանը, Վարդավառն այն տոներից է, որն ունի և քրիստոնեական, և հեթանոսական, և որ ամենակարևորն է՝ ազգայի հիմք, բացի այդ, այն նաև երիտասարդական տոն է:
Նշենք, որ Քրիստոսի Պայծառակերպությունը կամ Վարդավառը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է և խորհրդանշում է Քրիստոսի պայծառակերպությունը Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև, որն, ըստ ավանդության, տեղի է ունեցել Թաբոր կոչված լեռան վրա:
Հայաստանում Վարդավառը կապված է եղել գեղեցկության և սիրո աստվածուհի Աստղիկի և Վահագն աստծո սիրո պատմության հետ։ Վարդեր նվիրելով և ջուր լցնելով՝ Աստղիկը սեր էր տարածում ողջ Հայաստանում, իսկ Վահագնը, մշտապես պայքարելով չարի դեմ, պաշտպանում էր այդ սերը:
Ա.Մխիթարյանի խոսքերով՝ Վարդավառը Հայաստանի տարբեր մարզերում իր նշելու տարբեր ձևերն ունի:
«Մարզեր կան, որ Վարդավառը նույն շուքով են նշում, ինչպես Նոր տարին»,- նշեց նա:
Նա նաև հիշեցրեց, որ որ 2014թ-ին առաջին անգամ կազմակերպելով «Վարդավառի միջազգային փառատոնը»՝ ԵԱԴ-ն առաջին քայլն արեց Վարդավառի տոնը միջազգային համատեքստում ներկայացնելու ուղղությամբ: Շուրջ 26 երկրից ավելի քան 150 օտարերկրացի երիտասարդ իր մասնակցությունը ցուցաբերեց և հնարավորություն ունեցավ փոքրիկ համարներով հանդես գալու փառատոնի շրջանակում, ինչպես նաև ծանոթանալու հայկական մշակույթին:
«Հաշվի առնելով նախորդ փորձը՝ այս տարի իրականացվելու են առավել լայնածավալ աշխատանքներ՝ զարկ տալու հայկական մշակույթի վերհանմանը, երիտասարդության շրջանում ազգային-հոգևոր արժեքների պահպանմանը, Հայաստանի կայուն աճն ապահովող զբոսաշրջության ոլորտի բարգավաճմանը և Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը»,- նշեց Ատոմ Մխիթարյանը:
Փառատոնի համակարգող Հայասա Թահմազյանն էլ ասաց, որ փառատոնը երկու մասից է բաղկացած լինելու։ Առաջին մասը լինելու է Գեղարդի վանքում, որտեղ կլինի երիտասարդության օրհնության և մատաղի օրհնության կարգ: Երկրորդ մասը կանցկացվի Գառնու տաճարում, որտեղ էլ կլինի Վարդավառին նվիրված տաղավարների բացում, ինչպես նաև՝ ազգային երգի, պարի ու խաղերի ներկայացումներ:
Փառատոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանը նշեց, որ հաճախ է այցելում տարբեր երկրներ, որոնք չունենալով հարուստ մշակույթ, փորձում են եղածն այնպես մատուցել, որի արդյունքում զբոսաշրջությունը զարգանում է:
«Ուստի փառատոնի գաղափարն այն է, որպեսզի Վարդավառը դարձնել միջազգային տոն»,- ասաց նա:
Այսպիսով, փառատոնի հայաստանյան և օտարերկրացի մասնակիցները հնարավորություն են ունենալու մասնակցելու Վարդավառ տոնի ավանդական, բայց յուրօրինակ ջրոցի խաղին:
Նշենք, որ փառատոնը կազմակերպվում է ՀՀ մշակույթի նախարարության, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի, Կոտայքի մարզպետարանի, «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի, Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնի, «Adдыхай» շարժման, ԵՊՀ Մասս մեդիա գիտակրթական կենտրոնի աջակցությամբ, ինչպես նաև Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական կազմակերպության, Տերյան մշակութային կենտրոնի, Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ, Վան երգի-պարի ազգագրական համույթի, Վահագն դհոլահարների անսամբլի, Նուռ պլյուս տուրիստական կազմակերպության մասնակցությամբ: