Բակո Սահակյանը տպավորված է Մեծ Բրիտանիայիում ունեցած հանդիպումներից
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նախօրեին Լոնդոնի Գոլդսմիթ Հոլլ դահլիճում մասնակցել է Մեծ Բրիտանիայի հայ համայնքային խորհրդի ճաշկերույթին և հանդես եկել այնտեղ ելույթով: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահ Սահակյանը հակիրճ ներկայացրել է Արցախի պատվիրակության այցի նպատակները Մեծ Բրիտանիա, ամփոփել դրա արդյունքները և պատասխանել ներկաների հարցերին:
Բակո Սահակյանի խոսքով՝ և՛ հայկական համայնքի, և՛ Մեծ Բրիտանիայի տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումները բավականին տպավորիչ էին: Նախագահը համոզմունք է հայտնել, որ դրանք նոր լիցք ու որակ կհաղորդեն Արցախի և Մեծ Բրիտանիայի միջև կապերի ամրապնդմանը:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Արցախի բոլոր բարեկամներին` նրանց դիրքորոշման, սկզբունքայնության, մարդասիրության և գործուն աջակցության համար, մաղթել հաջողություններ եւ ամենայն բարիք:
Հանդիպմանը ներկա են եղել Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, պատգամավորներ, հասարակական և քաղաքական գործիչներ, պաշտոնատար այլ անձինք:
Նախորդող հրապարակումներ՝
Բակո Սահակյանը Մեծ Բրիտանիայում է
Բակո Սահակյանը Լոնդոնում համահայկական կազմակերպությունների հետ փոխգործակցության հարցեր է քննարկել
Քննարկվել են բրիտանահայ համայնքի ու Արցախի միջև կապերի զարգացմանն առնչվող հարցեր