Գաբրիել Ղազարյանը պարգևատրել է Հրանտ Շահինյանի անվան հուշամրցաշարի հաղթողներին
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր՝ հուլիսի 10-ին, ներկա է գտնվել օլիմպիական խաղերի չեմպիոն Հրանտ Շահինյանի անվան հուշամրցաշարի եզրափակիչ մրցումներին:
Նախարարը պարգևատրել է բազմամարտի հաղթող և մրցանակակիր տղաներին, մաղթել նրանց մեծ ձեռքբերումներ իրենց հետագա մարզական կյանքում:
«Դուք հաղթել եք այնպիսի տիտղոսակիր մարզիկի հուշամրցաշարում, որն իրավամբ հայ ազգի պարծանքն է: Հրանտ Շահինյանն առաջին օլիմպիական չեմպիոնն է Հայաստանի նորագույն պատմության մեջ: Ես բոլորիդ մաղթում եմ աշխատասիրություն և համառություն՝նրա օլիմպիական տիտղոսին արժանանալու համար»,- պատանի մարզիկներին ասել է նախարարը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի պաշտոնական կայքը, հուշամրցաշարը մեկնարկել է հուլիսի 7-ին, որին մասնակցել են Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի 6-11 տարեկան 110 տղաներ և աղջիկներ:
Ըստ տարիքային խմբերի՝ տղաներից հաղթողներ են ճանաչվել Էրիկ Բաղդասարյանը, Ռոբերտ Գյուրումյանը, Յուրի Նազարյանը, Գևորգ Պետրոսյանը, Արսեն Շավոյանը:
Աղջիկներից հաղթել են Նարե Մանուկյանը, Սիլվի Բաղդասարյանը, Արինա Եգանյանը, Մարգարիտա Բոյաջյանը: