Դիկտատորին հիշեցրեք մարդու իրավունքների մասին. Իտալական մամուլի արձագանքն Ալիևի այցին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Իտալիա կատարած այցի առիթով իտալական մամուլն անդրադարձել է Ադրբեջանում մարդու իրավունքների զանգվածային խախտումներին և երկրի ղեկավարությանը կոչ արել բարձրաձայնել այդ մասին:
Մասնավորապես` իտալական L’Indro պարբերականն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Բաքվում անցկացված եվրոպական խաղերի նախաշեմին Ադրբեջանի իշխանություններն արտասահմանցի բազմաթիվ լրագրողների և իրավապաշտպանների թույլ չեն տվել մուտք գործել երկիր:
Պարբերականը Իտալիայի նախագահին և վարչապետին կոչ է արել Ալիևի հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին:
«Բրիտանիայից մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Էմմա Հուգհեսը, ով քննադատության էր ենթարկել BP նավթային ընկերության գործունեությունն Ադրբեջանում, մերժում է ստացել հենց Բաքվի օդանավակայանում` չնայած այն հանգամանքին, որ նա հավատարմագրված է եղել խաղերին հետևելու համար: Մերժվել էր նաև լրագրող Օուեն Գիբսոնի հավատարմագրման հայտը, քանի որ վերջինս զեկույց էր պատրաստել Ադրբեջանում կոռուպցիայի և ընդդիմադիր գործիչների նկատմամբ բռնաճնշումների մասին: Խաղերի նախաշեմին արգելվել էր նաև Amnesty International միջազգային կառույցի մուտքը երկիր, քանի որ վերջինիս կողմից հայտարարվել էր Ադրբեջանում քաղաքական հայացքների համար դատապարտված ավելի քան 20 բանտարկյալների մասին»,- գրել է պարբերականը:
Պարբերականը, մեկ առ մեկ հիշեցրել է իրենց գործունեության համար Ադրբեջանում քաղաքական հետապնդումների և բանտարկությունների ենթարկված իրավապաշտպանների, լրագրողների և իրավաբանների մասին:
Ադրբեջանում մարդու իրավունքների բռնաճնշումների վերաբերյալ անդրադարձը հեղինակավոր պարբերականն ավարտում է ձերբակալված լրագրող Հադիջա Իսմայիլովայի` բանտից գրված նամակից մեջբերումներով, որտեղ վերջինս առաջարկում է ընտրություն կատարել հօգուտ ճշմարտության և օգնել Ադրբեջանի քաղբանտարկյալներին:
Պարբերականը նույն այդ ճշմարտության օգտին ընտրություն կատարելու և օգնելու կոչով դիմել է Իտալիայի նախագահին և վարչապետին, ովքեր Հռոմում ընդունելու էին Իլհամ Ալիևին:
«Դուք լավ տեղեկացված եք այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում Ադրբեջանում: Անարդարությամբ իր երկրում բանտարկված կին լրագրողը մեզ ասում է, որ այո, կյանքը բարդ է, բայց այդուհանդերձ դժվար չէ ընտրություն կատարել ճշմարտության և կեղծիքի միջև: Նա բանտում է և այնտեղ կրում է այդ անարդարության բեռը` օգնելով մեզ հասկանալ, թե ում կողմն է ճշմարտությունը… Հադիջային օգնելու համար մենք պարտավոր ենք ճշմարտության կողմը բռնել, դա այնքան էլ դժվար չէ: Ստի թույնը վտանգավոր է և մահացու, այնպես, ինչպես Եվրոպա սողոսկող ադրբեջանական սուտն է»,- ամփոփել է պարբերականը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին