Իրանի Մեջլիսի նախագահ. Միացյալ Նահանգների սպառնալիքները չպետք է լուրջ ընդունել
«Միացյալ Նահանգների սպառնալիքները չպետք է լուրջ ընդունել»,-այդ մասին իրանական «Իրդիփլոմասի.իր» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին:
Իրանի խորհրդարանի ղեկավարը, այսօր «Ղոդսի» միջազգային օրվա (Ռամազան ամսվա վերջին ուրբաթ օրը) տեղի ունեցած քայլերթի ժամանակ, անդրադառնալով Վիեննայում միջուկային խնդրի շուրջ Իրանի և «5+1 խմբի» բանակցություններին և Միացյալ Նահանգների այն սպառնալիքներին, թե կլքեն բանակցությունները, մասնավորապես նշել է. «Մինչ օրս բանակցությունների ընթացքում առաջընթաց ենք արձանագրել, իսկ ինչ վերաբերում է բանակցություններին ԱՄՆ-ի արտահայտած դիրքորոշմանը, ապա չպետք է դրան լուրջ վերաբերել, քանի որ վերջին պահերին նրանք նմանատիպ ժեստեր անում են, ի վերջո, իրենք են բանակցության առաջարկություն արել»:
Հիշեցնենք, որ Ալի Լարիջանին, մինչև Մեջլիսի նախագահի պաշտոնը զբաղեցնելը՝ 2005-2007թթ. ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարն էր և այդ տարիներին միջուկային խնդրի շուրջ տեղի ունեցած բանակցությունների ժամանակ ղեկավարում էր իրանական պատվիրակությունը:
Մինչև 2013 թվականը՝ Հասան Ռոհանիի՝ ԻԻՀ նախագահը ընտրվելը, միջուկային բանակցությունները վարում էր ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը, սակայն Ռոհանիի պաշտոնավարումից հետո այդ լիազորությունները փոխանցվեցին ԱԳ նախարարին:
Թեմայի առնչությամբ նախորդ հրապարակումները՝
Իրանի ԱԳ նախարար. Բանակցային սեղանը երբեք չենք լքի
Լեզվակռիվ Իրանի և ԱՄՆ ԱԳ նախարարների միջև Վիեննայում
Ինչո՞ւ կրկին երկարացվեց Իրանի միջուկային խնդրի շուրջ ընթացող բանակցությունների ժամկետը