«Կարմեն» օպերան լրացումների կարիք ունի. Օպերային թատրոն
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հուլիսի 16-ին և 18-ին նախատեսված էր Ժ. Բիզեի «Կարմեն» օպերայի պրեմիերան, սակայն այն երկու ամսով հետաձգվում է և կայանալու է սեպտեմբերի 18-ին և 19-ին:
Panorama.am-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մամուլի խոսնակ Վահագն Զաքարյանն ասաց, որ ներկայացման մեջ լրացումներ կան անելու, այդ իսկ պատճառով նպատակահարմար գտնվեց պրեմիերան անել սեպտեմբերին:
«Ընդհանուր քննարկման արդյունքում ավելի նպատակահարմար է գտնվել, որ ներկայացման պրեմիերան կայանա սեպտեմբերին: Քննարկումներին մասնակցել է նաև թատրոնի նոր գեղարվեստական ղեկավարը՝ Գեղամ Գրիգորյանը»,- նշեց նա:
Օպերային թատրոնից հաղորդում են, որ նախապես գնված տոմսերը ուժի մեջ են:
2 գործողությամբ «Կարմեն» օպերայի բեմադրիչն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մելիքսեթյանը, դիրիժորը՝ Կարեն Դուրգարյանը: