Ուֆայի գագաթնաժողով. Սերժ Սարգսյանը կարևորել է Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը
«Հայաստանը ցանկանում է, որ բարեկամ Իրանի ատոմային խնդրի շուրջ ընթացող բանակցությունները պսակվեն հաջողությամբ»,-այդ մասին Ուֆայում ԲՐԻԿՍ, ԵԱՏՄ և Շանհայան համագործակցության կազմակերպության համատեղ գագաթնաժողովին ունեցած ելույթում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Սերժ Սարգսյանն իր ելույթում, անդրադառնալով եվրասիական ինտեգրացիայի և «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» նախաձեռնության զուգակցման հնարավորությանը, նշել է, որ դրանք ներդաշնակորեն փոխգործակցելով, հեռանկարում կարող են ապահովել խոշոր ենթակառուցվածքային և տրանսպորտային ծրագրերի իրականացումը նոր մակարդակի բարձրացնելու գործը:
Ընդգծելով վերոնշյալ տնտեսական նախագծերին Հայաստանի մասնակցության հնարավորությունը՝ Նախագահը հավելել է. «Հայաստանի դեպքում այդպիսի ծրագիր կարող է դառնալ Հայաստան-Իրան երկաթուղային ճանապարհի կառուցումը, որը Պարսից ծոցի միջոցով կապահովի ԵԱՏՄ երկրների ելքը դեպի Հնդկական օվկիանոս: Արդեն պատրաստ է տեխնիկական-տնտեսական հիմնավորումը, և ծրագիրը բաց է պետական-մասնավոր գործընկերության համար: Հուսով ենք, որ այստեղ ներկա երկրներից ընկերությունները հետաքրքրություն կդրսևորեն»:
Անդրադառնալով միջուկային խնդրի շուրջ Իրանի և «5+1 խմբի» միջև Վիեննայում ընթացող բանակցություններին՝ Սերժ Սարգսյանը նշել է. «Օգտվելով առիթից, կցանկանայի հույս հայտնել, որ Իրանի ատոմային ծրագրի հետ կապված բանակցությունները հաջողությամբ կպսակվեն, ինչը կնպաստի ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդմանը, նոր հնարավորություններ կբացի տնտեսական համագործակցության համար: Որպես բարեկամ Իրանի հարևան երկիր՝ Հայաստանն անկեղծորեն ցանկանում է դա»:
Թեմային առնչվող այլ հրապարակումներ՝
Դեսպան Թումանյան. Հայաստանը ցանկանում է Իրանին կապել Եվրասիական տնտեսական միությանը
Դեսպան Ռեիսի. Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին միանալու հանգամանքն Իրանի կողմից դրական է ընկալվում